What's Hot

    Կառավարությունը փոփոխություններ է կատարում Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում՝ աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանելով 4 մլն դրամ մարզային բնակավայրերում և 3 մլն դրամ՝ Երևանում բնակարան գնելու դեպքում։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 26-ի կառավարության նիստի ժամանակ։

    Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս սահմանաչափը տարածվում է նաև այն ընտանիքների վրա, որոնք արդեն իրացրել են իրենց հավաստագրերը. նրանք կստանան գումարային տարբերությունը, որը կարող է ուղղվել հիփոթեքի մայր գումարի մարմանը կամ ծրագրով թույլատրված այլ ծախսերին։

    Նախագծով որպես ընտանիքի անդամ և աջակցության շահառու են դիտարկվելու նաև մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ ընտանիքի կողմից դիմում ներկայացնելու ժամկետից։ Բացի այդ, աջակցություն կտրամադրվի այն անձանց, որոնք բնակարան գնելու համար ստացել են անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։

    Իրավական փոփոխությունները թույլ են տալիս աջակցությունից օգտվել նաև այն անձանց, ովքեր բնակարան ձեռք բերելու համար ստացել են ոչ թե դասական հիփոթեքային վարկ, այլ անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկ։

    Կահույքի և տեխնիկայի ձեռքբերման համար հիմք կընդունվեն վաճառողների տրամադրած տարբեր ֆինանսական փաստաթղթեր, այդ թվում՝ փոխանցման հաշիվներն ու հարկային հաշիվները։ Եթե տեղահանված անձի՝ Արցախում աշխատելու կամ սովորելու տվյալներն առկա են պետական էլեկտրոնային շտեմարաններում, շահառուի կարգավիճակը կհաստատվի առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման պահանջի։

    2026-ի մարտի 23-ի դրությամբ հավաստագիր ստացած 5181 ընտանիքներից 2304-ն արդեն իրացրել են այն։