
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը CivilNet-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 2025 թվականից շրջանառության հարկի բարձրացմանը, հայտարարել է․ «Հայաստանում տարեկան 3000 ընկերություն է փակվում՝ շուրջ 10․000 աշխատողով» (նկատի ունի գործունեությունը դադարեցրած ու սկսած ընկերությունների բալանսը-հեղ․)։
Հաղորդավարի դիտարկմանը, որ փակվելուն զուգահեռ նաև նոր կազմակերպություններ են բացվում, Ն․ Կարապետյանն արձագանքել է՝ իր ներկայացրած թվերը վերաբերում են հենց բալանսին՝ փակվող և բացվող ընկերությունների ու աշխատատեղերի տարբերությանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կարապետյանի ներկայացրած տվյալները՝ դրանք դիտարկելով տարբեր վիճակագրական ցուցանիշների համատեքստում։
Նշենք, որ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողների համար հարկի դրույքաչափը հիմնականում տատանվում է 7-12%-ի սահմաններում՝ նախկինում գործող ավելի ցածր դրույքաչափերի փոխարեն։
Շրջանառության հարկի համակարգը կիրառվում է հիմնականում փոքր և միջին բիզնեսի շրջանում։ Օրենսգրքով սահմանված պայմանների կիրառման դեպքում հաշվարկված շրջանառության հարկի գումարից հնարավոր է նվազեցնել գործունեության հետ կապված որոշ ծախսեր։
Ինչպես են փոփոխվել խոշոր, միջին և փոքր հարկատուների ցուցանիշները
FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված (հարցազրույցից հետո ՊԵԿ ուղարկված հարցման պատասխանը ստացել ենք 30 օր հետո-խմբ․) պաշտոնական տվյալներով, ակտիվ հարկ վճարողների թիվը վերջին հինգ տարիներին կայուն աճ է գրանցել՝ 2020 թվականի 99․225-ից 2025 թվականին հասնելով 148․235-ի։
Աճի միտումը պահպանվել է բոլոր՝ խոշոր, միջին և փոքր հարկատուների շրջանում։
Վերջին 2 տարիներին գրանցված թվային ցուցանիշներն են․
- խոշոր հարկատուներ – 2024-ին՝ 1,972, 2025-ին՝ 1․994 (աճը՝ 22)
- միջին հարկատուներ – 2024-ին՝ 8,572, 2025-ին՝ 8,784 (աճը՝ 212)
- փոքր հարկատուներ – 2024-ին՝ 130․609, 2025-ին՝ 137457 (աճը՝ 6․848)։
Այսպիսով, աճի առավելագույն ցուցանիշը գրանցվել է փոքր հարկատուների խմբում։
Քանի՞ կազմակերպություն է դադարեցրել գործունեությունը
2020-2025 թվականների տվյալները ցույց են տալիս, որ վերջին հինգ տարիներին գործունեությունը դադարեցրած կազմակերպությունների թիվը շարունակաբար աճել է։
Գործունեությունը դադարեցրել են՝
- 2020 թ․ – 8․502 կազմակերպություն՝ 16․236 աշխատող
- 2021 թ․ – 9․299 կազմակերպություն՝ 15․081 աշխատող
- 2022 թ․ – 11․545 կազմակերպություն՝ 19․700 աշխատող
- 2023 թ․ – 14․171 կազմակերպություն՝ 26․736 աշխատող
- 2024 թ․ – 16․653 կազմակերպություն՝ 23․557 աշխատող
- 2025 թ․ – 22․091 կազմակերպություն՝ 33․466 աշխատող։
Վերջին երկու տարիների համեմատությամբ՝ 2025 թվականին գործունեությունը դադարեցրած կազմակերպությունների թիվն աճել է 5․438-ով, ինչը նախորդ տարիներին գրանցված աճի ցուցանիշի համեմատ զգալիորեն բարձր է։
Ինչ վերաբերում է աշխատողների թվին, ապա 2024-2025 թվականների համեմատությամբ՝ գործունեությունը դադարեցրած կազմակերպություններում աշխատանքը կորցրած անձանց թիվն աճել է 9․909-ով, ինչը նույնպես գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։
Քանի՞ կազմակերպություն է սկսել կամ վերսկսել գործունեությունը
2020-2025 թվականներին գործունեություն սկսած կամ վերսկսած կազմակերպությունների թիվն աճել է ավելի արագ տեմպերով, քան դադարեցրածներինը։
Գործունեություն սկսել կամ վերսկսել են՝
- 2020 թ․ – 17․707 կազմակերպություն՝ 38․215 աշխատող
- 2021 թ․ – 19․473 կազմակերպություն՝ 37․135 աշխատող
- 2022 թ․ – 28․341 կազմակերպություն՝ 53․188 աշխատող
- 2023 թ․ – 26․693 կազմակերպություն՝ 47․727 աշխատող
- 2024 թ․ – 26․766 կազմակերպություն՝ 46․729 աշխատող
- 2025 թ․ – 32․021 կազմակերպություն՝ 53․062 աշխատող:
Վերջին երկու տարիների համեմատությամբ՝ 2025-ին գործունեությունը սկսած կամ վերսկսած կազմակերպությունների թիվը եղել է 5255-ով ավելի, քան 2024 թ․-ին։ Բացված կազմակերպություններում աշխատանքի անցածների թիվը գերազանցել է 2024 թ․-ի ցուցանիշը 6333-ով։
Ավելին՝ այստեղ։