
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում։ Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ չնայած ՀԱՊԿ-ն որոշակի հաջողությունների է հասել, կան նաև խնդրահարույց հարցեր։
Նա Հայաստանի հետ հարաբերությունները նշել է որպես հատուկ ուշադրություն պահանջող հարցերից մեկը։
«Մենք պետք է ավելի կոռեկտ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Դուք գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության անդամ», — ասել է պետության ղեկավարը՝ հավելելով.- «Պետք է լինել շատ նրբանկատ։ Հայաստանը այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում։ Սա ոչ հեշտ իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում»։