Քաղցկեղի մասին հուշող անսպասելի ախտանշան, որը մարդիկ հաճախ են անտեսում

Քաղցկեղի մասին հուշող անսպասելի ախտանշան, որը մարդիկ հաճախ են անտեսում

Քաղցկեղն աշխարհի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որի բուժման արդյունավետությունը հաճախ կախված է լինում դրա վաղաժամ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, որ հիվանդությունը ժամանակին նկատելու համար առաջին հերթին հարկավոր է իմանալ դրա մասին հուշող ախտանշանները, մինչդեռ ոչ բոլորին են հայտնի քաղցկեղի հիմնական դրսևորումները։

 

Ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում նշել է քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկը, որը մարդիկ հաճախ են անուշադրության մատնում։ Ինչպես նշում է մասնագետը, խոսքը թրոմբոզի մասին է, որը սովորաբար դիտարկվում է որպես առանձին հիվանդություն, մինչդեռ թրոմբների առկայությունը կարող է հուշել մարդու մոտ օնկոլոգիական հիվանդությունների մասին, ինչը չի կարելի անտեսել։

 

Մյասնիկովի խոսքով՝ թրոմբի առկայությունը լուրջ պատճառ է բուժզննում անցնելու համար, քանի որ միայն մասնագետները կկարողանան պարզել՝ արդյոք դրա պատճառը վտանգավոր հիվանդությունները չեն։

Բացի այդ, բժիշկը նաև հիշեցրել է, որ թրոմբների առաջացմանը կարող են նպաստել երկարատև ավիաթռիչքները կամ երկար ժամանակ մեքենա վարելը, ինչպես նաև ծխախոտի չարաշահումը, հորմոնալ դեղորայքի ընդունումն ու ազդրերի հատվածում վիրահատական միջամտությունները։

 

Թրոմբների հետևանքով հնարավոր լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել խնդիրը, ուստի դրանց մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Մասնագետի խոսքով՝ թրոմբների առաջացման մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են վերջույթներից որևէ մեկի այտուցվածությունը, ոտքեր հաճախակի ցավերն ու ծակծկոցը, մաշկի վրա կարմիր բծերի առաջացումը, որոնք շոշափելիս ավելի ջերմ են, քան այլ հատվածների մաշկը, խորը շնչելիս կրծքավանդակի հատվածում առաջացող ցավը կամ ծակծկոցը, հևոցը, որն ի հայտ է գալիս առանց լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաև անբացատրելի հազը, որն ուղեկցվում է կրծքավանդակի ցավով։