Նույնիսկ քաշի աննշան կորուստը մեծ օգուտներ է բերում առողջությանը․ մասնագետներ

Նույնիսկ քաշի աննշան կորուստը մեծ օգուտներ է բերում առողջությանը․ մասնագետներ

Ճարպակալմամբ տառապող մարդու համար նույնիսկ քաշի ընդամենը 5%-ը կորցնելը թույլ կտա ամրապնդել առողջությունը, իսկ 13%-ով նիհարելը զգալիորեն կնվազեցնի մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին մասնագետները հայտարարել են Եվրոպական եւ համաշխարհային կոնգրեսում, որը նվիրված էր ճարպակալմանը։

 

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը առնվազն 42%-ով քիչ է այն մարդկանց շրջանում, ովքեր ճարպակալում են ունեցել, բայց հետագայում կորցրել են իրենց քաշի 13%-ը:

 

Այս եզրակացությունը հնչել է 552 953 միջին տարիքի այն մարդկանց 8-ամյա տվյալների ուսումնասիրության արդյունքներով, ովքեր գեր են եղել եւ կանխամտածված նիհարել են: Պարզվել է, որ քաշի 13%-ը կորցնելը նաեւ 25%-ով նվազեցրել է հիպերտոնիայի եւ քնի ապնոեի զարգացման ռիսկը: Բարձր խոլեստերինի ռիսկը նվազել է 22%-ով, իսկ օստեոարթրիտինը' 20%-ով:

 

Ճարպակալումը, որի ժամանակ օրգանիզմում կուտակվում է ճարպի չափազանց մեծ քանակություն, առողջության համար, անկասկած, վտանգ է ներկայացնում: Այն հաճախ ախտորոշվում է մարդու մարմնի զանգվածի ինդեքսով: Ճարպակալման բուժումը սովորաբար սկսվում է համեստ, բայց իրատեսական նպատակից' 5-10% քաշի կորուստ (90,7 կիլոգրամ քաշ ունեցող մարդու համար դա կլինի 4,5-9 կիլոգրամ): Այդպիսի արդյունքի կարելի է հասնել սննդային սովորությունները փոխելու եւ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու շնորհիվ: