«Ով իմ հետ նստած խոսա՝ ես իրա մաման…»....

«Ով իմ հետ նստած խոսա՝ ես իրա մաման…»....

banner770

1in.am-ը գրում է.

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բ.-ի գործի դատական քննությունը:

 

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Կարեն Բ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում Երևանի Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում վիճել է «Ֆիշ Արտ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի աշխատակիցների հետ, ապա չի ենթարկվել ահազանգով ժամանած ոստիկանության տեսուչ Արսեն Հ.-ի՝ վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված օրինական պահանջին: Կարեն Բ.-ն, ըստ մեղադրանքի, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է ոստիկանի այտին:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվել: Կարեն Բ.-ն եղել է ազատության մեջ: Եվ, ըստ մեղադրանքի, օրեր անց՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 23-ի սահմաններում Կարեն Բ.-ն նույն շենքի բակում մեքենայի ձայնարկիչի ձայնն անհարկի բարձր լինելու պատճառով դիտողություն է արել հարևան շենքում բնակվող Ռոբերտին ու նրա բարեկամներին՝ Գոռին, Մովսեսին:

 

Վիճաբանություն է առաջացել, փոխադարձ քաշքշուկ, որը շարունակվել է Կարեն Բ.-ին պատկանող ավտոտնակում: Այնտեղ վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Ռոբերտը բռունցքով հարվածել է Կարենին, նա ընկել է, հետո վերցրել է սեղանին դրված խոհանոցային դանակն ու հարվածել է Ռոբերտի կրծքավանդակի հետին մակերեսին, ապա դանակով հարվածել է Գոռի կրծքավանդակի հետին մակերեսին, երկուսին էլ պատճառել է թափանցող, ծանր վնասվածք: Նա դանակով հարվածել է նաև Մովսեսի ականջի շրջանին, վնասել է ականջի բլթակը, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Կարեն Բ.-ին նոր մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ քրեական գործ է հարուցվել, ապա երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Կարեն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կարեն Բ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

 

Կարեն Բ.-ն դատարանում դիրքորոշում հայտնելիս իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել՝ միայն ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, իսկ տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, չի ընդունել:

 

Ըստ ոստիկանությունից տրված տեղեկանքի՝ Կարեն Բ.-ն նախկինում դատապարտվել է:

Մեղսագրված երկրորդ արարքի կատարման ժամանակ Կարեն Բ.-ն ծեծի է ենթարկվել, նույնպես վնասվածքներ է ստացել ու բժշկական կենտրոն է դիմել, արձանագրվել է, որ նա Ռոբերտի, Գոռի ու Մովսեսի հետ վիճաբանության ժամանակ ոչ միայն ինքն է վնասվածքներ պատճառել, այլև վնասվածքներ է ստացել՝ գլխի, հոնքի շրջանում, արձանագրվել է քթի ոսկրերի կոտրվածք: Իր ստացած վնասվածքների մասով, որոնք առողջության թեթև վնաս են պատճառել, Կարեն Բ.-ն բողոք չի ներկայացրել, վնասվածքներ պատճառողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

 

Այս դրվագն աղմկոտ է եղել, քաղաքացիներն են ահազանգել ոստիկանություն: Մեկը ահազանգել է. «Շտապ ոստիկան ուղարկեք, դանակով իրար սպանում են»: Մի կին էլ զանգել ու ասել է. «Ես վախեցած եմ, երեխաների հետ անցնում էի, լամպերի գործարանից քիչ վերև՝ հինգհարկանի շենքերի մոտ ահավոր կռիվ է, իրար կզարկեն... Ուղղակի ես չեմ ուզի, որ պահի տակ ասեմ՝ ով եմ, կասեք՝ տղամարդ էր զանգե...»:

 

Նախաքննության ժամանակ Կարեն Բ.-ն դիմել է դատախազին, քննչականի պետին, վերադաս ատյաններ: Համաձայն նրա դիմումի՝ երկրորդ դրվագով դեպքից հետո ինքը գտնվել է Միքայելյանի անվան հիվանդանոցում՝ քթոսկրերի կոտրվածքով, ուժեղ ցավերով: Նրան հիվանդանոցից են բերման ենթարկել՝ առանց բժշկի թույլտվության, տարել են ոստիկանության բաժին: Ձևակերպել են, թե բերման են ենթարկել: Դրանից հետո, ըստ Կարենի, իրեն բուժօգնություն չի ցուցաբերվել, ինքը արգելանքի տակ է առնվել ուժեղ ցավերով ու վնասվածքներով, մնացել է առանց բժշկական օգնության...

Դատարանը վկաների և տուժողների հարցաքննությունների փուլում է:

 

Դատական այս նիստին հարցաքննվեց երկրորդ դրվագի մասնակից, Կարեն Բ.-ի դանակի հարված ու թեթև վնասվածք ստացած Մովսես Ա.-ն: Նա հիմնականում կրկնում էր, թե դեպքից ոչինչ չի հիշում: Վկան չգիտեր՝ ինչպես պահեր դաջվածքապատ ձեռքերը, դատախազին դիմեց՝ «ցավդ տանեմ»-ով, պաշտպանին՝ «ախպեր»-ով, համարյա պառկած դիրք ընդունեց ամբիոնի մոտ, ի վերջո նախագահողը թույլատրեց, որ նա ցուցմունք տա նստած:

Միջադեպի ժամանակ Կարեն Բ.-ն դանակով վնասվածք էր պատճառել Մովսեսին՝ կտրած վերք կար նրա ձախ ականջի բլթակին, որի սպին երևում էր: Մովսեսի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս: Մովսեսը չէր բողոքել, այդ մասով՝ նրա բողոքի բացակայության հիմքով, Կարեն Բ.-ն քրեական հետապնդման չի ենթարկվում:

 

Մովսես Ա.-ն հիմնականում կրկնում էր, թե դեպքից ոչինչ չի հիշում: Հրապարակվեցին նաև նրա նախաքննական ցուցմունքերը, համաձայն որոնց՝ դեպքի օրը բարեկամի տղերքով՝ ինքը, Ռոբերտը, Գոռն ու Արմանը, նշել են Գոռի՝ նոր մեքենա գնելը: Վերջինիս տանը հաց են կերել, ալկոհոլ են օգտագործել: Ապա Արմանի մեքենայով Ռոբերտին տարել են տուն: Արմանի մեքենայի մեջ երաժշտությունը շատ բարձր էր միացրած: Ռոբերտենց բակում այդ բարձր երաժշտության հետ միասին՝ իրենք էլ մեքենայի մեջ բարձր-բարձր խոսում էին, երբ մոտեցել է մի տղամարդ ու դիտողություն է արել: Իրենք երաժշտության ձայնն իջեցրել են, բայց, այնուամենայնիվ, այդ տղամարդու հետ վիճաբանություն է առաջացել: Վիճաբանել է հիմնականում Ռոբերտը, նա ճանաչում էր իրենց հարևան շենքում բնակվող այդ՝ Կարեն անունով տղամարդուն, ինքը վերջինիս անունը հետագայում է իմացել:

 

Իրենք իջել են մեքենայից, գնացել են այդ տղամարդու ավտոտնակը: Այնտեղ տղամարդը ձեռքը գցել է դանակին, այդ ժամանակ Ռոբերտը բռունցքով հարվածել է նրան: Այդ տղամարդն ընկել է: Վիճաբանությունը թեժացել է, իրենք՝ Գոռն ու ինքը, բաժանողի դերում էին, ինքը, իր հիշելով՝ այդ տղամարդուն չի հարվածել, նրա հետ կռվում էր Ռոբերտը: Արմանն իրենց հետ ավտոտնակ չէր եկել, նա գնացել էր խանութ: Հետո բոլորով դուրս են եկել ավտոտնակից: Այդ տղամարդուն ինքը հետո չի տեսել: Երբ նստել են Արմանի մեքենան, Ռոբերտը փսխել է, ինքը տրորել է նրա մեջքը ու տեսել է, որ մեջքը թաց է, նայել է ձեռքին ու տեսել է, որ ձեռքն արյունոտ է: Բարձրացրել են Ռոբերտի վերնահագուստը, տեսել են, որ թիկունքին ծակած վերք կա: Հասկացել են, որ նա դանակի հարված է ստացել: Պարզվել է՝ Գոռի թիկունքին էլ նման վերք կա: Իրենք անմիջապես նրանց տարել են «Էրեբունի» բ/կ:

 

Գոռին ու Ռոբերտին տարել են վերակենդանացման բաժանմունք, հիվանդանոցում ինքն իմացել է, որ վնասված է նաև իր ականջի բլթակը, ինքը բուժօգնության չի դիմել, վերքն իրեն չի անհանգստացրել, լավացել է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: