Սուրիկ Խաչատրյանի  գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Սուրիկ Խաչատրյանի գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

banner770

«Լիսկա» մականունով հայտնի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանին և Գարեն Աթաջանյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում։ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ունի պատժի կրմանը խոչընդոտող հիվանդություն և այդ հիմքով մեղադրական դատավճռով ազատվել է պատժի կրումից։ Գործով մյուս մեղադրյալ Հենրիկ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ մահափորձի ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2015թ մայիսի 20-ին՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին։ Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն մեքենայում գտնվող երեք անձինք, նրանց թվում՝ Սուրիկ Խաչատրյանը, չեն տուժել։ Այդ ժամանակ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից։

Այդուհանդերձ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Հենրիկ Ավագյանին՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, իսկ Գարեն Աթաջանյանին՝ օժանդակության համար։

Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի նկատմամբ մեկ մեղադրանքի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու համար, հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։