Սարսափելի դաժան սպանություն Երևանում. ինչու է սպանվել երիտասարդ կինը. մանրամասներ

Սարսափելի դաժան սպանություն Երևանում. ինչու է սպանվել երիտասարդ կինը. մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Արսեն Ն.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Արսեն Ն.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:   Ըստ մեղադրանքի՝  2019 թվականի հունիսի 25-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ն անց 30-ի սահմաններում, Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 17-րդ փողոցի ծայրամասում գտնվող կիսակառույց տանը Արսեն Ն.-ն վիճել է նույն տանը մանկահասակ երեխայի հետ  օթևանած Էլեն Ս.-ի հետ:

 

Վիճաբանության ընթացքում Արսեն Ն.-ն սպանելու դիտավորությամբ դանակով, ապա ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել Էլեն Ս.-ի մարմնի տարբեր մասերին, պատճառել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ առաջացնելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, արյան սուր կորուստ, որոնք հետևանք էին գլխի, գոտկային շրջանի, զույգ վերին և ստորին վերջույթների, աջ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող և չթափանցող վերքերի՝ ուղեկցված՝ գանգի թաղի և հիմի ոսկրերի բաց, ներհրված կոտրվածքներով, գլխի ենթամաշկային և գլխուղեղի ենթաոստայնային բազմաթիվ մանր և խոշոր օջախային արյունազեղումներով, աջից՝ գոտկային շրջանի հետորովայնամզային տարածության թափանցումով, արտաքին սուր արյունահոսությամբ, գանգուղեղային վնասվածքներով:

Ամբաստանյալ Արսեն Ն.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Արսենը Չարենցավանից է, 8-ամյա կրթությամբ, Երևանում ապրել է Նորք-Մարաշի 17-րդ փողոցի ծայրամասում գտնվող կիսակառույց տանը, որը, ինչպես ամբաստանյալը նշեց դատարանում՝ «0» համարն ունի:   Տուժող Էլեն Ս.-ն Արսենի հետ ծանոթացել էր դեպքից կարճ ժամանակ առաջ: Եվ մանկահասակ երեխայի հետ մի քանի օր էր, որ ապրում էր Արսենի բնակության վայրում:     Ըստ մեղադրական եզրակացության՝ պատահում էր՝ Էլենը երեխային թողնում էր հարևանությամբ բնակվող կնոջ մոտ ու գնում էր իր գործերով:

Դեպքի օրը՝ 2019 թվականի հունիսի 24-ին նույնպես Էլենը, ըստ մեղադրանքի, երեխային թողել է հարևան կնոջ մոտ, ինքը գնացել է ինչ-որ տեղ ու տուն է վերադարձել հունիսի լույս 25-ին, ժամը 5-ի սահմաններում: Նա երեխային վերցրել է հարևանուհու մոտից, եկել է տուն, որտեղ Արսենը վիճել է նրա հետ պարբերաբար երեխային թողնել-գնալու և ուշ վերադառնալու համար:   Վիճաբանության ընթացքում Արսեն Ն.-ն, ըստ մեղադրանքի, ձեռքով ու դանակով հարվածներ է հասցրել Էլենին, ապա հարվածներ է հասցրել ուրագով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:   Տեսնելով, որ սպանել է Էլենին, Արսեն Ն.-ն դիակը փաթաթել է վանդակավոր ծածկոցով, ապա՝ պոլիէթիլենային տոպրակներով, որոնք ամրացրել է կպչուն ժապավենով: Հետո դիակը փաթաթել է սավանով ու տեղափոխել է խորդանոց համարվող սենյակ:

Քանի որ շրջակայքը, իր հագուստն ու ձեռքերը արյունոտ էին, Արսենը լվացվել, փոխել է շորերը, ինչ-որ չափով լվացել է շրջապատի արյունը, այրել է արյունոտ հագուստը: Այդ ընթացքում, հավանաբար աղմուկի վրա եկել է հարևանությամբ ապրող կինը: Ըստ վերջինիս՝ Արսենն իրեն տեսնելով, ի պատասխան իր հարցի, թե ի՞նչ է պատահել, ասել է, թե սպանել է Էլենին, փաթաթել է սավանով, տարել է խորդանոց ու պատրաստվում է դիակը տեղափոխել տանից,  թողնել ինչ-որ տեղ և հեռանալ:  Հարևան կինն ուշադրություն է դարձրել, որ արյան հետքեր կային Արսենի շորերի վրա, արյունոտ էին ձեռքերը, իսկ շուրջբոլորը թաց էր՝ հավանաբար՝ լվացված էր արդեն:   Դեպքի վայրից Արսենը փախել էր՝ խորդանոցում թողնելով Էլենի դիակը, իսկ Էլենի մանկահասակ երեխային թողել էր հարևանի մոտ...

Հաջորդ օրը Արսենը բռնվել էր... Դատարանում Արսեն Ն.-ն հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում, չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Տուժող կինը՝ Էլեն Ս.-ն, դեպքի պահին ամբաստանյալի կարգավիճակ ուներ 2016-2017 թվականներին կատարված խարդախությունների գործով: Նա և ամուսինը, ըստ մեղադրանքի, համաձանության էին եկել ու մի քանի դրվագով հափշտակություններ էին կատարել: Էլենն ու հանցակից ամուսինը սկզբում կալանքի տակ էին եղել, հետո Էլենը ազատ էր արձակվել: Ամուսինը դեպքի պահին կալանքի տակ էր:   Էլենի մահվան հիմքով նրա մասով քրեական գործի վարույթը կարճվել է 2019 թվականի հուլիսի 22-ին, իսկ նրա հանցակցի մասով գործի դատական քննությունը շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ:

Նախկինում Էլենը դատվածություն ուներ, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Էլեն Ս.-ն դեպքի պահին 25   տարեկան էր:   Դատարանը շարունակեց քրեական գործում առկա ապացույցների հետազոտումը: Մեղադրող Ս. Պողոսյանը շարունակեց հրապարակել դեպքի վայրի զննության արձանագրությունը:

Կիսակառույց տան խորդանոցում հայտնաբերվել էր տուժող կնոջ դիակը՝ սավանով,  պոլիէթիլենային տոպրակներով ու վանդակավոր ծածկոցով փաթաթված:  Սպանությունից ժամեր էին անցել...  Դիակը զննվել է:  Արձանագրության մեջ նկարագրված էին ուրագով հասցված ահավոր վնասվածքները...   Իսկ քիչ թե շատ կահավորված սենյակում՝ աթոռի վրա, վարսահարդարիչն էր, որը տուժողը երևի օգտագործել էր վերջին անգամ, ու տուժողի  հեռախոսն էր՝ վեց չպատասխանված զանգերով...

Սենյակում գտնվող մահճակալի վրա եղել է շապիկ՝ արնանման հետքով, տաբատ՝ արյան հետքերով, մոտ 25,5 սմ երկարությամբ դանակ, փայտե մահակ ու կացին...   Առաջին օրը կատարված զննությամբ հանցագործության գործիք ուրագը չէր հայտնաբերվել: Ըստ արձանագրության՝ զննության մասնակից կինը՝ հարևանուհին, նշել էր, որ Արսենն իրեն ասել է, թե Էլենի հագուստը տանում է վառելու: Քիչ անց կինը տան դիմացի հատվածում՝ ճանապարհից մոտ 20 մետր հեռավորության վրա, ծուխ է նկատել, հասկացել է, որ այնտեղ ինչ-որ բան է վառվում:

Տվյալ տեղում այրված իրերի մոխրացած հետքեր են եղել: Զննության մասնակից կինը գործողության ավարտին ևս մեկ անգամ հաստատել է, որ սավանի մեջ փաթաթված է Էլենի դիակը: Էլենը վերջին մի քանի օրը երեխայի հետ բնակվում էր Արսենի բնակության վայրում:

Հրապարակվեց դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը: Այս անգամ զննությանը մասնակից էր եղել ինքը՝ Արսեն Ն.-ն: Արձանագրվել էր, որ դեպքի վայրում առկա երեք սենյակների դռները կնիքված էին: Ձախից աջ՝ հերթով բացվել են դռները: Ձախից առաջին սենյակի միջնամասը մատնացույց անելով՝ Արսենը հայտնել է, թե այդ հատվածում է  Էլենին հարվածներ հասցրել ձեռքով, դանակով, ապա ուրագով: Նույն վայրում է նաև անշնչացած մարմինը փաթաթել սավանով ու տեղափոխել խորդանոց համարվող սենյակ: Սենյակում Արսենը ցույց է տվել այն տեղը, որտեղ դրել էր հանցագործության գործիք ուրագը, որը զննության մասնակիցները դուրս են բերել, զննել՝ դա փայտե «պոչով», երկաթե «գլխով» ուրագ էր՝ արնանման հետքերով: Ուրագը փաթեթավորվել ու առգրավվել է:

Այդ սենյակում հայտնաբերվել է առաջին զննության ժամանակ չնկատված բջջային հեռախոս: Արսենը հայտնել է, թե դա Էլենի հեռախոսն էր: Հեռախոսը փաթեթավորվել ու առգրավվել էր:   Լրացուցիչ զննությունից հետո դեպքի վայրի երեք սենյակների դռները նորից փակվել ու կնիքվել են... Հրապարակվեց Արսեն Ն.-ին 2019 թվականի հունիսի 26-ի վաղ առավոտյան ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու արձանագրությունը:   Հրապարակվեցին դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները՝ դեպքի վայրում հայտնաբերված արյան նմուշներում հաստատվել էին ինչպես Արսենի, այնպես էլ Էլենի գենետիկական հետքերը:   Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արսեն Ն.-ի մարմնին առկա են եղել վնասվածքներ՝ քերծվածքներ, ճանկռվածքներ, մատների ֆալանգների կոտրվածքներ ու կտրած վերքեր, որոնք իրենց համակցությամբ Արսենի առողջությանը պատճառել էին թեթև վնաս:   Հրապարակվեցին Արսենի ու Էլենի դատվածությունների մասին տեղեկանքները: Նախկին դատավածություն ուներ ինչպես Էլենը, այնպես էլ Արսենը, վերջինս 2017 թվականին դատապարտվել էր 80 հազար դրամ տուգանքի՝ բռնություն գործադրելու համար:

Դատարանն անցավ վկաների հարցաքննությանը: Հարցաքննվեց վկա Ի. Պ.-ն: Նա աշխատում էր Չարենցավանի գազալցակայաններից մեկում, որտեղ որպես գիշերային պահակ էր աշխատել Արսենի հայրը: Ի. Պ.-ն աշխատում էր որպես լիցքավորող:   Վկան նշեց, որ Արսենին տեսել է երկու անգամ: Ճանաչել է նրա հայրիկին: Գիտեր, որ նրանց ընտանիքը բազմազավակ է: 2019 թվականի հունիսի լույս 26-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, երբ վկան հերթափոխի է եղել գազալցակայանում, այնտեղ է գնացել Արսենը, խնդրել է, որ վկան կանչի հորը:   Վկան կանչել է Արսենի հայրիկին, նրանք հանդիպել ու խոսել են վկայի աշխատասենյակում: Վկան նշեց, որ ինքը դուրսուներս էր անում գործի բերումով, սակայն լսել է Արսենի ու նրա հայրիկի խոսակցությունը: Արսենը հորն ասել է, թե մարդ է սպանել: Վկան դա լսելով՝ խորհուրդ է տվել, որ Արսենը գնա ու հանձնվի, քանի որ միևնույն է՝ նրան բռնելու են:

Դատարանում վկան այլ մանրամասներ չհիշեց: Հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա  նշել էր, թե իր աշխատասենյակում Արսենը, որը «խառնաշփոթ վիճակում էր», հորն ասել է, թե իր հետ ապրող աղջկան՝ Էլեն անունով, վեճի ժամանակ սպանել է: Արսենն ասել է, որ հարվածներ է հասցրել ձեռքերով, դանակով, ուրագով... Վկան հորդորել է անմիջապես գնալ ու հանձնվել, իսկ Արսենն ասել է, թե հասկանում է, որ չպիտի սպաներ... Վկան պահանջել է, որ Արսենը գնա հանձնվի կամ պարզապես հեռանա գազալցակայանից: Հայր ու որդի հեռացել են:   Վկան հետո իմացել է, որ Արսենը բռնվել է ոստիկանների կողմից... Վկան դատարանում նշեց, որ նախաքննական ցուցմունքում հայտնել է իրականությունը: Քանի որ ժամանակ է անցել, բոլոր մանրամասները չէր հիշում:

Հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը: