Բանգլադեշում մոլեգնած ցույցերի ֆոնին երկրի վարչապետը հրաժարական է տվել և ընտանիքի հետ լքել երկիրը

Բանգլադեշում մոլեգնած ցույցերի ֆոնին երկրի վարչապետը հրաժարական է տվել և ընտանիքի հետ լքել երկիրը

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել:

 

«Շեյխ Հասինան հրաժարական է տվել, ես նման տեղեկություն եմ ստացել»,- ասել է երկրի ներքին գործերի նախարար Ասադումազան Խանը:

 

Նախարարի խոսքով՝ զինված ուժերը ժամանակավորապես կստանձնեն երկրի կառավարումը։

 

«Ամենայն հավանականությամբ, բանակը կստանձնի վերահսկողությունը», - ասել է նա:

 

Բանգլադեշի բանակի հրամանատար, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանը հանդիպում կանցկացնի երկրի նախագահ Շահաբուդին Չուպուի հետ՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։

«Բոլոր քաղաքական կուսակցությունների հետ արդյունավետ քննարկումներից հետո մենք որոշել ենք ձևավորել ժամանակավոր կառավարություն: Ես ընդունում եմ ողջ պատասխանատվությունը», - ասել է Վաքեր-Ուզ-Զամանը և հավելել, որ նախագահի հետ բանակցությունները պետք է հանգեցնեն «իրավիճակի հանգուցալուծման»:

Նա կոչ է արել դադարեցնել բռնությունները և խոստացել, որ նոր կառավարությունը կապահովի արդարությունը՝ հետաքննելով բոլոր մահերը, որոնք տեղի են ունեցել ցույցերի ընթացքում։

Հասինան, ով այս տարի դառնում է 77 տարեկան, շարունակաբար ղեկավարում է Բանգլադեշը որպես վարչապետ 2009 թվականից: Հունվարի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա չորրորդ անգամ անընդմեջ ստանձնել է կառավարության ղեկավարի պաշտոնը իր քաղաքական կարիերայում։

 

Բողոքի ցույցերի ֆոնին նա լքել է երկիրը և ժամանել Հնդկաստան, որտեղից, ըստ լրատվամիջոցների, նախատեսում է թռչել Լոնդոն։ Նրա հեռանալուց անմիջապես հետո ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր։

 

Բանգլադեշում լայնածավալ բողոքի ցույցերը շարունակվում են հուլիսի սկզբից։ Ըստ ԶԼՄ-ների՝ ակցիայի մասնակիցները բողոքում են, որ պետական հատվածի աշխատատեղերի 30%-ը նախատեսված է 1971 թվականի պատերազմի վետերանների հարազատների համար, ինչի պատճառով նորավարտ ուսանողները դժվարությունների են բախվում պետական ծառայության անցնելիս:

 

Այնուհետև ցույցերը վերածվել են ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

Ցույցերի ընթացքում քաղաքացիների և իրավապահների միջև բախումներ են եղել, կան հարյուրավոր տուժածներ: