Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը համատեղ հայտարարություն են ստորագրել Տաշքենդում կայացած բանակցությունների արդյունքներով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Բարձր մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել Միրզիյոևի «Կուկսարոյ» քաղաքամերձ նստավայրում։ Ղեկավարները նախ զրուցել են նեղ կազմով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ընդհանուր առմամբ, ռուս-ուզբեկական բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ։
Ի թիվս այլ հարցերի, կողմերը պայմանավորվել են պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի։ Միրզիյոևը վստահեցրել է, որ Ռուսաստանն ավանդաբար մնում է Ուզբեկստանի խոշոր առևտրային գործընկերը։ Նրա խոսքով՝ տարեսկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ վերջին յոթ տարվա ընթացքում այն ավելացել է 2,5 անգամ։
Ուզբեկստանի նախագահը հավելել է, որ մոտ ապագայում Ռուսաստանում կսկսի աշխատել հանրապետության առևտրային ներկայացուցչությունը։
Միրզիյոևը նաև Մոսկվան անվանել է կարևոր ռազմավարական գործընկեր գազի, նավթի և նավթամթերքի մատակարարման հարցում։ Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի աջակցության շնորհիվ անցյալ տարվանից Ուզբեկստանն սկսել է ռուսական կապույտ վառելիք ընդունել գործող խողովակաշարով' ռևերսային ռեժիմով։
«Պայմանավորվածություն կա գազի փոխադրման համակարգի արդիականացման, գազի, նավթի և նավթամթերքի մատակարարումների ծավալների ավելացման և ռուսական առաջատար ընկերությունների հետ ածխաջրածինների վերամշակման նախագծերի իրականացման շուրջ», - հավելել է Միրզիյոևը։
Պուտինը պետական այցով Ուզբեկստանում է գտնվում մայիսի 26-ից։