Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։
«Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։