«Հայաստանի տարածք». Պուտինի լեզվի սայթաքումը, թե կոշտ ակնարկը Ալիևին

«Հայաստանի տարածք». Պուտինի լեզվի սայթաքումը, թե կոշտ ակնարկը Ալիևին

Իրականացվում են ականազերծման աշխատանքներ, ընդ որում ուշադրություն դարձնենք՝ երկու կողմում, թե Ադրբեջանի տարածքում, թե Հայաստանի տարածքում: Սա հատված է ՌԴ նախագահ Պուտինի ԱՊՀ պետությունների ղեկավարների հեռավար Վեհաժողովում ունեցած ելույթից:

 

Հասկանալի է, որ ելույթի այդ հատվածը վերաբերում էր Արցախում հրադադարի հաստատմանն ու դրանում ՌԴ ջանքին, ռուս խաղաղապահների դերակատարմանը: Պուտինի հայտարարությունը առաջացնում է բավականին հետաքրքիր հարց՝ Պուտինը խոսում է նաև «Հայաստանի տարածքում» ականազերծման աշխատանքի մասին: Կարծես թե հայտնի չէ Հայաստանի հանրապետության տարածքում ականազերծման աշխատանքի մասին, որ իրականացնում են ռուս խաղաղապահները: Համենայն դեպս հարցն առաջանում է հենց այդ համատեքստում՝ կա՞ այդպիսի աշխատանք ՀՀ այսպես ասած միջազգայնորեն ճանաչված սահմաններում, թե՞ ՌԴ նախագահ Պուտինը Արցախն է «ճանաչում» որպես Հայաստանի տարածք: Իհարկե հնարավոր է անել ամենատարբեր ենթադրություններ և հնչեցնել գննահատականներ, այսպես ասած ըստ ճաշակի կամ քաղաքական նախասիրության, սակայն բոլոր դեպքերում բավականին ուշագրավ է ՌԴ նախագահի ելույթի ձևակերպումը, հատկապես այն իրողությունների ֆոնին, որ վերջին օրերին ծավալվում են արցախյան ուղղությամբ՝ ադրբեջանցիների թույլ տված հրադադարի խախտումների տեսքով:

 

Բանն այն է, որ դրանք իհարկե նաև բավականին որոշակի հարված են ռուսական խաղաղապահ առաքելության այսպես ասած քաղաքական դիրքերին, ինչի առիթով էլ կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք Պուտինը գործածելով «Հայաստանի տարածք» արտահայտությունը, պատասխանում է Մարտակերտում ռուս խաղաղապահի ներկայությամբ հայ խաղաղ բնակչին սպանելու Ադրբեջանի քայլին: Առավել ևս, որ Պուտինը դեռևս 2020-ի նոյեմբերին էր բավականին թափանցիկ ակնարկել այն մասին, որ խաղաղապահներին թիրախավորելու դեպքում Ռուսաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Իհարկե բառի ուղիղ իմաաստով թիրախավորվում են ոչ թե խաղաղապահները, այլ Արցախի բնակիչները կամ ՊԲ դիրքերը, սակայն Ռուսաստանում ըստ ամենայնի գնահատել են, որ հաջորդիվ արդեն կարող են թիրախում ավելի և ավելի ուղիղ հայտնվել խաղաղապահության քաղաքական հիմքերը, հետագա բարդություններով: Այդ պարագայում գուցե Պուտինը որոշել է ակնարկել Ադրբեջանին, որ մինչ այդ բարդություններն ավելի շուտ կարող են այցելել Բաքվին: Իհարկե, այդ ամենը, կրկնենք, կարող են լինել զուտ ենթադրություններ, քանի դեռ հստակ պարզաբանումներ չկան ՌԴ նախագահի արտահայտության վերաբերյալ, հասկանալու համար դրանց քաղաքական ակնարկ, կամ լեզվի սայթաքում լինելը: