Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հետաքրքրված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հետաքրքրված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Մեծ Բրիտանիան բարձր զարգացած արդյունաբերական երկիր է և ընդգրկված է աշխարհի ամենազարգացած պետությունների ցուցակում: Նա առաջատար դեր է խաղացել աշխարհում, նախքան ԱՄՆ-ը նրանից կվերցներ «առաջնության դափնիները»: Իսկ Թուրքիան երկիր է դինամիկ զարգացող տնտեսությամբ: Ասելով «զարգացող»՝ մենք նկատի ունենք բացառապես Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ցուցանիշները: Այնուամենայնիվ, երկրների միջև խզումը մնում է բավականին մեծ, առնվազն մեր ժամանակներում: Ուստի ուշագրավ է Լոնդոնի հետաքրքրվածությունը Անկարայի ռազմական նվաճումների նկատմամբ։ Ի՞նչ է հայտնի այս մասին:

 

Ամենաբարձր մակարդակում

Թուրքական ռազմական նվաճումների, հատկապես անօդաչու թռչող սարքերի նկատմամբ բրիտանացիների հետաքրքրվածությունը նկատելիորեն ներկայացված է լրատվամիջոցների հրապարակումներում և վերլուծական հոդվածներում: Այս պարագայում նրանց հետաքրքրվածությունը հասկանալի է, բայց մենք խոսում ենք այլ բանի մասին: Թուրքական ռազմական նվաճումների հանդեպ հավանությունն ու հետաքրքրվածությունը անմիջապես բխում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից, իսկ ավելի կոնկրետ՝ հենց նախարարից:

 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թուրքական անօդաչուները միջազգային ասպարեզում կփոխեն խաղի կանոնները: Այս լուրը հրապարակել են համաշխարհային շատ լրատվամիջոցներ:

 

Նրա խոսքերը վկայում են այն մասին, որ նա հասկանում է, թե ինչ դեր են խաղացել անօդաչուները թուրքական ռազմական գործողություններում՝ ընդդեմ Իրաքի հյուսիսում և Սիրիայում քրդական զինված խմբավորումների և Խալիֆա Հաֆթարի ուժերի ու սիրիական ռեժիմի: 2020-ի սկզբին թուրքական ուժերը որպես ոչ ավանդական զենք կիրառեցին անօդաչուներ՝ ռազմական գործողությունների ժամանակ կամ իրենց դաշնակիցներին աջակցելու համար:

Կես տարի անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կրկին անդրադարձավ այս թեմային: Նա հանդիպեց Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար անօդաչուների ոլորտում երկրի զարգացման հնարավորությունը: Ուոլեսը հայտարարեց, որ Թուրքիան առաջադիմել է անօդաչու թռչող սարքերի զարգացման մեջ՝ չնայած արտաքին ճնշմանը: Նա առաջ է մղվել ոլորտում, մինչդեռ իր եվրոպացի գործընկերները հետ են մնացել: Թուրքական անօդաչուները պրակտիկ են, արդյունավետ, գնային առումով մատչելի և ունակ են կատարելու մեծ քանակությամբ առաջադրանքներ. մոնիտորինգ, հակառակորդների շտաբների և օբյեկտների ռմբակոծում:

 

Բրիտանական The Guardian թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հանձնարարել է նախագծող ինժեներներին առաջիկա հինգ տարիների ընթացքում մշակել բրիտանական անօդաչուների ստեղծման նախագիծ: Նա հորդորել է առաջնորդվել թուրքական փորձով և նշել, որ թուրքական անօդաչուները վերջին մարտերում ցուցադրել են նկատելի գերազանցություն: The Guardian-ը չի հստակեցրել, թե արդյոք մտադի՞ր են երկրները այս ոլորտում փոխանակվել գիտատեխնիկական փորձով, թե՞ կսահմանափակվեն թուրքական ռազմական նվաճումների հասցեին գովերգմամբ։

Դրական գնահատում

 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը դրական է արձագանքել թուրքական անօդաչու թռչող սարքերի առնչությամբ, բայց, այնուամենայնիվ, չի կարողացել թաքցնել իր հիասթափությունը: Նա ճնշված է, որ թուրքերը զգալի առաջընթաց են գրանցել այս խոստումնալից ոլորտում՝ չնայած դժվարություններին և խնդիրներին, իսկ արևմտյան երկրները, որոնց համար ավելի հեշտ է ձեռք բերել տեխնոլոգիա և ֆինանսավորում, չեն կարողացել հասնել համանման արդյունքների: Ի դեպ, վերջերս նման հակասական «զգացումներ» նկատվում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում:

 

2020 թվականի հուլիսին Die Welt գերմանական թերթը գրել է, որ թուրքական անօդաչուները հեղափոխություն են կատարել ռազմական գործում և զգալիորեն փոխել են ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում՝ հօգուտ Թուրքիայի: Ավելին, Թուրքիայի իշխանությունները դիտարկում են դրանք որպես գնորդներ ներգրավելու միջոց: Սա վկայում է այն մասին, որ կավելանա թուրքական ռազմական տեխնիկայի վաճառքը և  կուժեղանա թուրքական ռազմական քարոզչությունը: Թուրքիայի հաճախորդ-դաշնակիցները կկարողանան օգտագործել այս էժանագին ու մահաբեր զենքը խոշոր տերությունների դեմ: Die Welt-ի գնահատմամբ՝ Թուրքիայի գործնական փորձը կարագացնի անօդաչուների համաշխարհային շուկայի զարգացումը:

 

Իսկ գերմանական Tagesschau թերթը բացահայտ հայտարարել է, որ եվրոպական ՀՕՊ միջոցներն ի վիճակի չեն դիմակայելու թուրքական անօդաչուներին՝ իրենց բարձր տեխնիկական բնութագրերով և գործնական փորձով:

 

Սիրիայի ժողովրդավարական խորհրդի գործադիր խորհրդի համանախագահ Իլհամ Ահմեդը դիմել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին՝ մտահոգություն հայտնելով ՍԺԽ ուժերի դեմ անօդաչուներ կիրառելու Թուրքիայի ցանկության կապակցությամբ: Նա զգուշացրել է, որ Թուրքիայի իշխանությունները կկարողանան ռազմական գործողություններ իրականացնել անօդաչուների կիրառմամբ՝ միևնույն ժամանակ չմտնելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որոնք կարող են դատապարտվել միջազգային հանրության կողմից:

 

2020 թվականի հոկտեմբերին Financial Times-ը հաղորդել է, որ Թուրքիան ի վիճակի է արտադրել անօդաչուներ ԱՄՆ-ի, Չինաստանի և Իսրայելի հետ հավասար: 20 տարվա անընդմեջ ջանքերից հետո նա կարողացավ կրճատել իր կախվածությունը Արևմուտքից և մեծացնել վստահությունը ազգային արդյունաբերության նկատմամբ: Ըստ Libération ֆրանսիական թերթի՝ չնայած առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը, ամերիկյան անօդաչուների գինը չափից ավելի բարձր է թուրքականի համեմատ: Ավելին, թուրքական անօդաչուներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ նկատվել են:

 

«Բայրաքթար» և Լեռնային Ղարաբաղ

Թուրքիան մշակել է անօդաչուների մի քանի տարբեր մոդելներ, բայց ANKA-ն ամենահայտնին է: Բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները առանց իրար հերթ տալու պնդում են՝ «Բայրաքթար»-ը թուրքական անօդաչու թռչող սարքերի մարգարիտն է և ամենավտանգավոր զենքը Թուրքիայի ռազմական զինանոցում:

 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի  գնահատականներով՝ անօդաչու թռչող սարքերը պրակտիկ զենք են, որոնք չեն պահանջում ավանդական օդուժի առկայություն: Դրանք նվազեցնում են մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռիսկերը ռազմական գործողությունների ժամանակ: «Բայրաքթար»-ները կատարում են բազմաթիվ գործառույթներ: Օրինակ՝ իրականացնում են շուրջօրյա մոնիտորինգ և ռմբակոծություն եղանակային տարբեր պայմաններում: Դրանք չեն պահանջում զինվորականների ներկայություն և ունեն ցածր ինքնարժեք, որը տատանվում է 1-2 միլիոն դոլարի սահմաններում:

 

Անօդաչուները կոչվել են «Բայրաքթար» ի պատիվ թուրք գործարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարի: Անկարան վերջին երեք տարիներին բանակում և  ոստիկանությունում ավելացրել է անօդաչու թռչող սարքերի քանակը՝ 38-ից հասցնելով 94-ի: Նա նաև կարողացել է դրանք վաճառել Կատարին, Թունիսին և Ուկրաինային: Բացի դրանից, թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիան:

 

Թուրքական «Բայրաքթար» անօդաչուներն իրենց ամբողջ փառքով ցուցադրվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, որը բռնկվել էր Ադրբեջանի ու Հայաստանի միջև անցած տարվա սեպտեմբերի վերջին: Սա սովորական պատերազմ չէր երկու գերտերությունների միջև: Ադրբեջանը կիրառում էր թուրքական անօդաչուներ, իսկ հայկական ՀՕՊ համակարգերը ի վիճակի չէին դիմակայելու դրանց: Բացի դրանից, հայկական սպառազինության մեջ չկան անօդաչուներ: Այսպիսով, «Բայրաքթար ՏԲ2»-ը փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Բաքվի, ինչը նախկինում անհնար էր անել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շեշտել է, որ թուրքական անօդաչուները ոչնչացրել են հայկական զինված ուժերի մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկան։

 

Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ակադեմիկոս Մայքլ Քլարքը համեմատել է անօդաչուների կիրառման տնտեսական նպատակահարմարությունը: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է 224 միավոր ռազմական տեխնիկա, իսկ Ադրբեջանը՝ 36 միավոր նույն տեսակի տեխնիկա:

2020 թվականին Թուրքիան Կովկասում հասել է բարձր ռազմական, տնտեսական, բարոյական և պատմական նվաճումների: Դա 2019թ.-ին նրա առջև ծառացած ֆինանսական հիմնախնդիրների նկատմամբ կայունության արդյունքն էր և հիմնված էր վեց բաղադրիչների՝ ազգային ինքնության, ինստիտուցիոնալ ավանդույթների, ռազմական ենթակառուցվածքների, տնտեսական աճի կարողության, մեծաքանակ բնակչության և դիվանագիտական ​​հզորության վրա: Այս մասին Նավզաթ Շագիլյանը խոսել է դեռևս ղարաբաղյան պատերազմի փաստացի մեկնարկից առաջ:

 

Ի՞նչ է ուզում Մեծ Բրիտանիան

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը օգնեց իր երկրին խուսափել սարսափելի սխալից: Նա չաջակցեց Էրդողանի կառավարության դեմ ձախողված ռազմական հեղաշրջմանը, ինչպես արեցին մյուս երկրները, և արագորեն կազմակերպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ:

 

Թուրքիան և Մեծ Բրիտանիան միշտ միմյանց համարել են Եվրամիության վտարյալներ, քանի որ առաջինը ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, իսկ երկրորդը՝ դուրս գալ: Այսպիսով, Լոնդոնը օգնության ձեռք էր մեկնում Անկարային ամեն անգամ, երբ եվրոպական խոշորագույն երկրներից մեկը հրաժարվում էր նրանից:

Օրինակ՝ 2017-ի վերջին երկրները ստորագրեցին ռազմական համաձայնագիր, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան պետք է օգներ Թուրքիային արտադրելու հինգերորդ սերնդի կործանիչների համար շարժիչներ, որոնց արտադրությունը դադարեցվել էր թուրք-գերմանական տարաձայնությունների պատճառով:

Բորիս Ջոնսոնը այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետն է, իսկ Ռիչարդ Մուրը՝ բրիտանական հետախուզության ղեկավարը և նրա աջ ձեռքը: Եվ վերջերս Եվրամիությունը լքած Լոնդոնը կարծում է, որ կարիք չկա անհանգստանալու Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում Թուրքիայի հավակնություններից, քանի որ այն դարձել է իրական ուժ՝ կանգնած Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Միջերկրական ծովի և Իրանի սահմաններին: Նա նաև Անկարային առաջարկեց սեփական արտադրության գերժամանակակից տեսախցիկներ այն բանից հետո, երբ Կանադան հրաժարվեց արտահանել դրանք Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում «Բայրաքթար» անօդաչուների կիրառման պատճառով: Սակայն Թուրքիան, ըստ ռուս լրագրող Վլադիմիր Դանիլովի տեղեկատվության, կարողացավ ինքնուրույն հիմնել դրանց արտադրությունը:

 

Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են համագործակցության: Հունվարին նրանք ստորագրեցին ազատ առևտրի մասին պայմանագիր: Թուրքերը ցանկանում են օգուտ քաղել ինքնաթիռների և տանկերի շարժիչների արտադրության բրիտանական փորձից' զարգացնելու համար հինգերորդ սերնդի TFX կործանիչների և «Ալթայ» տանկերի նախագծերը, իսկ փոխարենը բրիտանացիները խոստացել են աջակցել «Բայրաքթար»-ի նման թուրքական անօդաչուների զարգացմանը: Ի դեպ, Մեծ Բրիտանիան արդեն աշխատում է սեփական անօդաչուների ստեղծման վրա, որոնք կիրագործեն ավելի բարդ խնդիրներ: Թուրքերը և բրիտանացիները միասին աշխատում են նաև Ուկրաինայում՝ ընդդեմ Ռուսաստանի: Հիշեցնենք, որ բրիտանական ուժերը, ինչպես սպասվում է, կտեղակայվեն Սև ծովի ափին գտնվող ուկրաինական նավահանգիստներից մեկում, որտեղ խառնվում են Անկարայի և Մոսկվայի ազդեցությունները:

 

Բրիտանական պաշտոնատար անձանց վերջին հայտարարությունները վկայում են, որ «Բայրաքթար» անօդաչուները տպավորիչ արդյունքների են հասել նվազագույն ծախսերով: Բայց հարցը հետևյալն է. ի՞նչ կպատահի, երբ Անկարան «Բայրաքթար Ակինջի»-ի զանգվածային արտադրություն սկսի, որն իրենից ներկայացնում է հայտնի անօդաչուների ավելի արդիականացված տարբերակ: