Ֆրանսիան կճանաչի՞ Արցախը

Ֆրանսիան կճանաչի՞ Արցախը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորը հայտարարել է, որ այժմ պահն է, որպեսզի Արցախի հակամարտությունը լուծվի տևական խաղաղության տրամաբանությամբ: Գիլմորը խոսել է Հելսինկյան եզրափակիչ ակտիվ երեք սկզբունքների մասին, որոնց թվում է, ինչպես հայտնի է, ինքնորոշման իրավունքի հարցը: Մյուս երկու սկզբունքների առումով, ըստ էության, կա 44-օրյա պատերազմի ցավագին պատկերը, հայկական կողմի պարտությունն ու նոր ստատուս-քվոն, որով Ադրբեջանը ոչ միայն հայտնի 7 շրջաններն է ստանում, այլ նաև Արցախից Հադրութ շրջանն ու Շուշին:

 

Մինչդեռ, Արցախը նույնիսկ չի ստանում այն, ինչ նախատեսում է երրորդ սկզբունքը՝ կարգավիճակ:

Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ի համաձայնագրով կարգավիճակի հարց նախատեսված չէ, և ինչպես հնարավոր է դատել ՌԴ նախագահի օրերս տված հարցազրույցից՝ տեսանելի ապագայում այդպիսի հարց չի էլ դիտարկվում: Միաժամանակ, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դնում են հենց կարգավիճակի հարց: Սակայն հռետորաբանության մակարդակում այդ հարցը դնելը, իհարկե, քիչ է, որովհետև էական է, թե նրանք ինչ գործնական քայլ կարող են անել այդ ուղղությամբ, որպեսզի գործընթացում կարգավիճակի հարցը առնվազն դառնա քննարկման առարկա: Այժմ այն միայն խոսակցության առարկա է, որ վարում են Ռուսաստանի միջնորդության դեմ: Երևանի համար կարգավիճակը կլինի այն, ինչ թույլ կտա փոքր-ինչ փրկել դեմքը ռազմական պարտությունից հետո, եթե, իհարկե, այդ պարտությունից հետո հնարավոր է դեմք փրկել: Ավելին, առ այսօր դեռ մնում է հրատապ թե՛ Արցախի, թե՛ անգամ Հայաստանի փրկության հարցը, հաշվի առնելով չավարտված պատերազմը, հրադադարը՝ բայց դեռևս շատ փխրուն հրադադարը, ինչպես նաև ներքին ապակայունացման ռիսկերը: Այս պայմաններում անկասկած է, որ Երևանից ակնկալել կարգավիճակի առնչությամբ լուրջ քաղաքական հարցադրումներ ու քայլեր, իրատեսական չէ:

 

Հարցը գտնվում է Մինսկի խմբի համանախագահների տիրույթում և նրանց միջև փոխհարաբերությունների առարկա է: Ռուսաստանը մերժում է այն, քանի որ դա կնշանակի Անկարայի և Բաքվի հետ պայմանավորվածության խախտում, իսկ Մոսկվան դեռևս ամենևին ամուր չէ այստեղ, այդպիսի համարձակության համար: Ռուսաստանը ներկայումս ունի ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Արցախում իր կարգավիճակի ամրապնդման հարց, և տեսանելի ապագայում լուծելու է թերևս այդ հարցերը: Այդ դեպքում Արցախի կարգավիճակի հարց բարձրացնելով՝ Ռուսաստանը կվտանգի Արցախում իր կարգավիճակի ամրապնդման խնդիրը: Մյուս կողմից, հենց այդ խնդրի համատեքստում իսկ Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե կարգավիճակի հարցում համարձակություն դրսևորեին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Սակայն պարզ չէ նրանց մոտիվը, թե ինչ են ստանում նրանք այդպիսի հարցում առարկայական քայլ անելու դեպքում: Խոսքն, իհարկե, նրանց տեսանկյունից չափման մասին է: Ըստ այդմ, նրանք խոսում են, իսկ ահա կոնկրետ քայլ անելուց մնում են ձեռնպահ: Նրանց տեսանկյունից պատկերն այն է, որ Արցախի կարգավիճակի հարց բարձրացնելով՝ նրանք ավելի շատ հարցեր լուծում են Ռուսաստանի, քան իրենց համար: Այդ իմաստով, Հայաստանի համար կարգավիճակի վերաբերյալ հայտարարություններն ականջահաճո են, սակայն սրանք հազիվ թե այս պահին պարունակեն պրակտիկ քաղաքական նշանակություն: Համենայնդեպս, կա, իհարկե, նաև փաստ, որ հարցը քվեարկության է դրվելու Ֆրանսիայի Սենատում: Տեսականում, անշուշտ, բացառված չէ ճանաչումը, մյուս կողմից, սակայն, դա կարող է մնալ հենց խորհրդարանական մակարդակում, իսկ Ֆրանսիան խորհրդարանական պետություն չէ և, հետևաբար, առավել կարևոր կլինի գործադիր իշխանության դիրքորոշումը: Այստեղ Փարիզն առայժմ գերադասում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողության պատասխանատվություն ենթադրող քայլերից: Պետք չէ բացառել, որ այդ առումով սպասում են Միացյալ Նահանգների նոր վարչակազմի տրամադրությանը: