
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, ըստ տվյալների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդը նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ ու մեքենայով ուղևորվում էր Երևան։
«Տղամարդը Կապանում հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են երեք կիլոգրամից ավելի կշռող մեթամֆետամինով երեք փաթեթ, մեկ կիլոգրամից ավելի հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 դեղահաբ։
41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։