
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկության բուն գործընթացն իրականացվում է թղթային տարբերակով, մնացած ամբողջ գործընթացի ապահովման համար ներդրված են թվային գործիքներ»:
Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025թթ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ զուգահեռ մի քանի պարագաներում պահպանվում են նաև թղթային տարբերակները, օրինակ, խոսքը վերաբերում է կուսակցությունների առաջադրման գործընթացին: Առաջադրվել պատրաստվող քաղաքական բոլոր ուժերը կարող են ընտրությունները նշանակվելուց հետո դիմել և ստանալ օգտահաշիվ:
«Այդ օգտահաշվով կարողանում են ձևավորել իրենց ցուցակները, կարողանում են ներկայացնել կից փաստաթղթերը, այսինքն՝ համակարգը դրա հնարավորությունը տալիս է, կարողանում են հետագայում հայտարարագրեր ներկայացնել, այդ թվում՝ քարոզարշավի փուլում ֆինանսական հաշվետվությունները:
Երեկ արդեն իսկ հրավիրել էինք օգտահաշիվ ստացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ քաղաքական այն ուժերին, որոնք օգտահաշիվ դեռ չեն ստացել, բայց կարող են մտադրություն ունենալ, որ առավել մանրամասն ծանոթանային այդ գործիքակազմի հետ»,- մանրամասնել է Հովակիմյանը:
ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ դիտորդների, ԶԼՄ-ների հավատարմագրումը ներկայումս ամբողջությամբ թվային է, այսինքն՝ կարիք չկա գալու ԿԸՀ, e-request համակարգով իրենց դիմումները, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են, գրանցվում են, որից հետո համակարգն ինքնաշխատ ստուգում է տվյալները:
Անդրադառնալով ուղիղ եթերում քվեարկությունների ամփոփման գործընթացին՝ ԿԸՀ նախագահը նշել է, որ այդ մասով կա հեռարձակման համակարգի ընդլայնում:
«2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հեռարձակումն ապահովվել է ընտրողների 97 տոկոսը ներառող շուրջ 1500 տեղամասերից: Առաջիկա ընտրություններում հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասերից»,- նշել է Հովակիմյանը:
Նա հավելել է, որ կան փոքրաթիվ տեղամասեր, որտեղից հեռարձակման ապահովման ծախսը շատ է, քանի որ դրանք բարձրադիր գոտիներում են: