Արմեն Սարգսյանը  աղմկահարույց օրենք  է ստորագրել

Արմեն Սարգսյանը աղմկահարույց օրենք է ստորագրել

banner770

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

«Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Նախագահի դիրքորոշումը, սակայն, այն է, որ կոնվենցիայի վերաբերյալ հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ նրա ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:

«Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Արմեն Սարգսյանը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, որոնք կարող են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացնել նախագահի աշխատակազմ։