«Նիվայից» կրակելով սպանել են 30–ամյա երկու տղամարդու, հետո այրել մեքենան. նոր մանրամասներ (տեսանյութ)

«Նիվայից» կրակելով սպանել են 30–ամյա երկու տղամարդու, հետո այրել մեքենան. նոր մանրամասներ (տեսանյութ)

banner770

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանությունների ու սպանության փորձերի վերաբերյալ։

Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց վրա կրակել են Վանաձորի Համբարձումյան փողոցում։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին արնանման հետքեր, գնդակներ, կրակոցների հետքեր' պատի ու ավտոմեքենայի վրա։ Վանաձոր մեկնեցին ու բացահայտման աշխատանքին ներգրավվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Ոստիկանության ծառայողները համատեղ օպերատիվ աշխատանքով պարզեցին, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել էին սպիտակ «Նիվայի» սրահից՝ փետրվարի 9-ին, ժամը 18-ի սահմաններում։ Դեպքից րոպեներ անց ոստիկանության Բազումի բաժնում ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս անգամ' «911» ծառայությունից հաղորդեցին, որ Վանաձորի Բարեկամության փողոցում ավտոմեքենա է այրվում։ Հրդեհաշիջման աշխատանքներից հետո սպիտակ «Նիվայի» սրահում հայտնաբերվեց խզակոթն այրված, գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, կրակված 31 պարկուճ' 5-ը' դեֆորմացված, 5 գնդակ, դատարկ փամփշտատուփեր, որոնցից մեկը' այրված։ Վարկած առաջ քաշվեց, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել են հենց այդ ավտոմեքենայի սրահից, ինչից հետո հանցագործությունը կատարած անձը կամ անձինք դեպքի վայրից մի քանի փողոց այն կողմ մեքենան, հրազենով հանդերձ, այրել են՝ հետքերը վերացնելու նպատակով։ Նշանակվեցին համալիր դատահետքաբանական, դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Մինչ փորձաքննությունների ավարտը՝ ոստիկանության ծառայողները ձեռնամուխ եղան պարզելու այրված մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ մեքենայի համարանիշերը գողացված են։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին նաև, որ մեքենան հաշվառված է Լոռու մարզի Օձուն համայնքի 56-ամյա մի բնակչի անվամբ։ Տղամարդը փետրվարի 3-ին մեքենան վաճառել էր անծանոթ մեկին։ Գնորդը հավաստիացրել էր, որ մի քանի օր անց մեքենան կանվանափոխեն ու հեռախոսահամարն անջատել էր։ Գնելու օրը մեքենան Օձուն համայնքից տեղափոխել էին անհայտ ուղղությամբ, իսկ դեպքից ժամեր առաջ մեքենան տարել էին Վանաձորի Լալվարի փողոցի տներից մեկի բակ։ Արդեն փետրվարի 9-ին Լալվարի փողոցից «Նիվայով» շարժվել էին Համբարձումյան փողոց, մեքենայի սրահից կրակոցներ արձակել տղամարդկանց ուղղությամբ, ապա նույն մեքենայով հեռացել դեպքի վայրից ու այրել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ սպանված տղամարդկանցից Աղասի Հովհաննիսյանն ու Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ, որը հանցավոր շրջանակներում հեղինակություն էր, թշնամական հարաբերություններ են ունեցել։