Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քնչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ «Mercedes Vito»-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով «Volkswagen»-ին ու գլխիվայր շրջվել: