Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա նշեց, որ Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը:
Տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի, եթե
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զզանգված ունեցող բեռանատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր:Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման պայմաններում նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 մմ կամ դրանից պակասԱմռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային անվադողեր»,- նշել է նախարարը։
Սրան ի պատասխան վարչապետը նշել է, որ որոշումը կարող է դուր չգալ որոշ շրջանակի։
«Սա այն որոշումներից է, որը մենք հասկանում ենք, որ մեր սիրելի քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու, ինչու, որովհետև հանրապետություն կան վարորդներ ովքեր նաև ձմեռը ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: Ըստ էության, վարորդների համար մենք որոշակի ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք»,- ասաց Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է սանկցիան այս կանոնը խախտելու պարագայում, նախարար Խութադյանը պատասխանեց. «Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ»:
Մհեր Գրիգորյանն առաջարկեց խստացնել տուգանքի չափը, քանի որ սիմվոլիկ գումարով տուգանելու դեպքում օրենքը չի գործի, նաև առաջարկեց հարցը կապել մեքենաների ապահովագրության գործընթացի հետ: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից: