Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոեմքենայով Խաղաղ Դոնի փողոցում՝ «Սիփան» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկին պատկանող սառնարաներին, ապա դռանը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մեկ հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա այնտեղից դուրս է գրվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները:
Սակայն պարզվել է, որ նրանք տեղում աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ ավտոմեքենան դարձի բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ազատ Սրապյանն ու Ռազմիկ Զարգարյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: