Ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում

Ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի վարչական տարածքում, բախվել են «Land Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են «Mercedes»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Գարեգին Հակոբյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է: