Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ, փախուստ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան բնակավայրի «Փոստ»-ի դիմաց տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Ս.-ի դին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 19:30-ի սահմաններում Բաղրամյան գյուղի Իսակովի փողոցի 21 հասցեի մոտ Արմեն Ս.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հրաչյա Մ.-ն և պարզում են նրա գտնվելու վայրը, ապա բացատրական աշխատանքների շնորհիվ Հրաչյա Մ.-ն ավտոմեքենայով ինքնակամ ներկայանում է ոստիկնության Վաղարշապատի բաժին և հայտնում, որ վրաերթը ինքն է կատարել:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: