Մենք ուզում ենք՝ առողջ ապրելակերպը քարոզելուն զուգահեռ նաև թիմային պայքարի տրամաբանությունը քարոզենք. ՀՀ վարչապետ

Մենք ուզում ենք՝ առողջ ապրելակերպը քարոզելուն զուգահեռ նաև թիմային պայքարի տրամաբանությունը քարոզենք. ՀՀ վարչապետ

Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:

 

Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:

 

 

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ:

 

 

 

Հաղթողներին պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ մասնակցության համար: «Մեր նպատակադրումը մեկն է' ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով առողջ ապրելակերպը քարոզենք: Մենք ուզում ենք՝ առողջ ապրելակերպը քարոզելուն զուգահեռ նաև թիմային պայքարի տրամաբանությունը քարոզենք: Հիմա դպրոցականների շրջանում չունենք անհատական մրցամարտ ենթադրող մրցաշարեր «Վարչապետի գավաթի» ֆորմատով: Ե՛վ սեղանի թենիսը, և՛ խճուղային վազքը, և՛ հեծանվավազքը, բոլորը թիմային տրամաբանության մեջ են դրված»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դրա առանցքային նպատակն է զարգացնել թիմային ոգին, պայքարի թիմային մեթոդը, համագործակցությունը ու փոխօգնությունն դպրոցականների, ինչպես նաև՝ հանրության շրջանում:

 

 

 

Վարչապետը մրցաշարերի անցկացման կարևորությունն ընդգծել է նաև բնակավայրերի զարգացման համատեքստում, քանի որ այն աշխուժություն է բերում բնակավայրի, համայնքի կյանքում. «Կարևոր է, որ մենք ամեն ինչ չկենտրոնացնենք Երևանում, խոշոր քաղաքներում կամ խոշոր բնակավայրերում: Եվ կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագրությունը փորձում ենք հնարավորինս դեպի մարզեր տանել, որը նույնպես տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ է»: Նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է Ջերմուկում անցկացնել նաև հեղինակային երգի դպրոցական փառատոն:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին և ուսուցիչներին՝ կատարված աշխատանքի համար: