Վանաձորից մինչև Փարիզ. հայազգի Գոռ Հարությունյանը հանրաճանաչ “Top Model Europe” նորաձևության միջազգային մրցույթի եզրափակչում է. լուսանկարներ

Վանաձորից մինչև Փարիզ. հայազգի Գոռ Հարությունյանը հանրաճանաչ “Top Model Europe” նորաձևության միջազգային մրցույթի եզրափակչում է. լուսանկարներ

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Théâtre du Gymnase Marie Bell թատրոնի շենքում տեղի է ունենալու Top Model Europe միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցելու է նաև հայազգի 20-ամյա մոդել Գոռ Հարությունյանը:

Գոռը ծնվել և մեծացել է Վանաձոր քաղաքում: Ուսման նպատակով արդեն 3 տարի է ինչ  տեղափոխվել է Բելգիա: Մոդելինգը երիտասարդի համար եղել է հոբբի: Հայրենիքում չի զբաղվել, պարզապես նկարահանվել է հագուստի խանութի համար և  ստացել հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, սակայն մերժել է Հայաստանը լքելու պատճառով:

Մեզ հետ զրույցում Գոռն անկեղծացավ, որ Եվրոպա տեղափոխվելով, դժվարությունները հաղթահարելով և ինքնադրսևորվելով վերագտել է իրեն, միևնույն ժամանակ հասկացել, որ  արմատներից չի կարող հեռանալ:

«Փոքր տարիքից մամայի տարբերվող ոճով հագցնելու փաստը կարելի է ասել մեծ տարիքում տվեց իր պտուղները: Ամբողջ մրցույթի ընթացքում էլ մաման աջակցում է ինձ, հավանաբար ամենանվիրված երկրպագուս է ու առաջնահերթ նրա սպասելիքները արդարացնելու պատասխանատվություն ունեմ: Իհարկե Փարիզում իմ կողմից գլխավոր հյուրը  հենց նա է: Հայրս չեզոք դիրք ուներ, մինչև հասկացավ ընդհանուր գաղափարն ու հեռանկարը: Ինձ միշտ ասում էր՝ խոսալու փոխարեն ուղղակի լուռ արդյունքներդ ցույց տուր: Հետքրքիր փաստն էլ այն է, որ եզրափակիչը պապայիս ծննդյան օրն է»,- պատմեց նա:

Գոռի խոսքով իր ընկերները և նույնիսկ անծանոթ մարդիկ նպաստել են նրա որոշմանը, քանի որ արտաքինը համապատասխանել է պահանջներին և զարմանք է առաջացրել, թե ինչու չի զբաղվում մոդելինգով. «Ու ինչ որ միտք է ծնվում, որ իրոք սկսեմ հետաքրքրվել, փորձում էի զտել թե որն է ավելի լուրջ, հետաքրքիր, որ ժամանակս տրամադրեմ դրան ու ընտրությունս եղավ հենց այս մրցույթը»:

Նշենք, որ մրցույթի նախնական փուլին մասնակցել է 2500 հոգի, որից 1 տարի անց ընտրվել և եզրափակչում ու փակման արարողությանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 80-ը: Եվրոպայի ամենամեծ նորաձևության մրցույթին  հետևում է ցուցադրությունը, որին մասնակցում են տասնյակ դիզայներներ ամենահայտնի համաշխարհային բրենդներից:

«Նախորդ տարիներին հաջողության հասած մոդելները քայլել են Dolce Gabbana-ի, Balmain-ի, Giorgio Armani-ի, Jean Paul Gaultier-ի, Louis Vuitton-ի պոդիումներում: Այսինքն դու կարող ես չհաղթել մրցույթում, բայց որևէ բրենդի ներկայացուցիչ հավանի քեզ և արդեն կարող ես կարիերադ շարունակել տվյալ բրենդում»,- նշեց Գոռը:

Հարցին, արդյոք  տրամադրվածությունը հաղթական է, Գոռը դրական պատասխանեց, սակայն չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել, իսկ հարաբերությունները մասնակիցների հետ ընկերական են:

«Իմ տեղեկություններով մենակ ես եմ հայ եղել, բայց պետք է նշեմ, որ բոլորը եվրոպացի են, սևամորթներ էլ կան աֆրիկական կողմից, բայց կրկին եվրոպայում բնակվող:: Չնայած, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է նորաձևության աշխարհում և ստանդարտներ չկան: Պարտադիր չի ունենալ եվրոպական դիմագծեր, կամ 1,90 հասակ, իսկ մաշկի գույնը չի կարող որևէ բան փոխել: Կարծում եմ  դա լավ է, քանի որ  երբ գծված քառակուսիներից դուրս գաղափար է ծնվում, անկանխատեսելիորեն ստեղծվում են նոր հնարավորություններ»:

Թե ում հետ կցանկանար աշխատել՝ մոդելը պատասխանեց, որ այս պահին 2 միմյանցից տարբեր բրենդներն են իր ֆավորիտները՝ Adidas-ն և Louis Vuitton-ը. «Պարզ է սկզբնական շրջանում ավելի շատ աշխատանքները կլինեն գործակալությունների հետ՝ ոլորտում մասնագիտանալու համար, բայց ինչքան էլ երազկոտ կամ անհասանելի կարող է հնչել այս պահին, ապագայում աշխատանքային պայմանագիրս կցանկանայի կապել Louis Vuitton-ի հետ»:

Հավելենք, որ մրցույթի ավարտին հաղթում է 3 հոգի՝ 2-ը նորաձևությունից՝ 1 աղջիկ և 1 տղա,իսկ մեկն էլ սպորտում: