Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի:
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա վարորդի հետ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարշամ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Վարդանյանը:
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: