Կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնցով ՀՀ քաղաքացին սահմանը կարող է անցնել՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ. փոխվարչապետ (տեսանյութ)

Կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնցով ՀՀ քաղաքացին սահմանը կարող է անցնել՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ. փոխվարչապետ (տեսանյութ)

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» որոշման՝ որակավորման փուլից մինչև առաջարկի հրավերի փուլն ընկած գործողությունները կարգավորող նախագիծը:

Նախագիծը ներկայացնող Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես օրինակ՝ Առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է  հայտատուների հետ։ Արդյունքում ստացվել են երկարաձգման հայտեր՝ հաշվի առնելով Առաջարկի հարցման փուլի հայտերի նախապատրաստական աշխատանքների ծավալները, արձակուրդային սեզոնը, աշխատակազմերի պակաս հասանելիությունը։

Այսպիսով նախագծով առաջարկվում է երկարաձգել Առաջարկի հրավերի հայտարարման  ժամկետը, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել ՊՄԳ ծրագրի առավել պատշաճ և որակյալ իրականացում՝ Առաջարկի հայտի հիման վրա մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը մեկնարկելու համար։ Որակավորված հայտատուների կողմից ներկայացվելիք առաջարկները կնախապատրաստվեն բավարար ժամկետներում և կապահովեն Առաջարկի հրավերի պահանջների առավել ամբողջական և համապարփակ բավարարում:

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արդյունքում «մենք կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքցուն սահմանը անցնել՝ այդ թվում առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ Եվրոպական սահմանը»:

Արփինե Սարգսյանը նշեց, որ պրոցեսները հենց տանելու են դրան: «2025 թվականի մարտի վերջի դրությամբ մենք կունենանք հաղթող մասնակցի հայտարարում,  դրան կհաջորդի պայմանագրի կնքումը, որից հետո մինչև մեկ տարի ժամկետ է տրամադրելու մտակարարին և 2026 թվականի մարտին, պատրաստ լինելու պայմաններում, միանգամից կտա ծառայությունների մատուցման մեկնարկը»,- ասաց նա: