Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ-ին՝ Մխչյան գյուղի տարածքում, 28-ամյա Սարգիս Գ․-ին պատկանող «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզե Հովհաննիսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։