Հուլիսի 30-ի երեկոյան «Զվարթնոց» օդնավակայանի ուղևորների հաշվառման հատվածում Երևան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ քաղաքացիների միջև վեճ է ծագել։
Նստատեղի վերաբերյալ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փոխադարձ հարվածներ են հասցրել, խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Araratnews-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը երեկ երեկոյան է տեղի ունեցել օդանավակայանի՝ ուղևորների հաշվառման հատվածում։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։ Չորս անձ է ձերբակալվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որոնց հետ կատարվել են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ և անձինք արգելանքից ազատ են արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց նա։