Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կա 8 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կա 8 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Մարալիկի և Գյումրու շատպօգոնւթյան բժիշկները. այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց՝ իրենց ավտոմեքենաներով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սողոյանի և վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Արթիկի բաժնի պետը:

Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա: