Ամառը, դրական կողմերից զատ, նաև ունի բացասական կողմեր, որոնք հիմնականում արտահայտվում են առողջության հետ կապված գանգատներով։ Տարվա ամենատաք եղանակին ակտիվանում են որոշ հիվանդություններ ու բացասաբար անդրադառնում մարդու կյանքի որակի ու օրգանիզմի վրա։
Երևանի տեղամասային թերապևտ Լուսինե Սարգսյանի խոսքով՝ օրգանիզմի վրա հիմնականում ջերմաստիճանի փոփոխությունն է ազդում։ Մարմնի ջերմաստիճանը ավելի քիչ է կայուն ներքին օրգաններում, գլխուղեղում, քան մաշկում և ենթամաշկում է։
«Մաշկը ջերմատվության արտաքին շերտ է։ Մարդու օրգանիզմի ջերմությունը շատ տատանողական էլ չէ, էվոլուցիայի պրոցեսներում ձևավորվել է՝ օրգանիզմը լինի այնպես, որ, օրինակ, նյութափոխանակությունը ընթանա մարմնի որոշակի կայուն ջերմաստիճանի ֆոնի պայմաններում։ Չպետք է լինի ջերմաստիճանի ներքին տատանողականություն, որովհետև կենսագործունեության պրոցեսները կխաթարվեն։ Օրգանիզմում կա ջերմակարգավորման պրոցես, եթե դրսում շատ շոգ է, պետք է ջերմատվություն անենք, եթե ցուրտ է, ջերմություն գոյացնենք, որ օրգանիզմում այն լինի կայուն։ Եթե դրանք չեն արվում, բացասական հետևանքներ են առաջանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Այսինքն՝ հիվանդությունների ցանկը, ըստ նրա, շատ է, առողջության բացասական հետևանքները շոգ եղանակին՝ մեծ․ «Նախ սիրտ-անոթային հիվանդություններն են, քանի որ բարձր ջերմությունը նպաստում է անոթների լայնացմանը, ինչն էլ՝ զարկերակային ճնշման նվազմանը, և գերճնշումով հիվանդների մոտ, որոնք դեղեր են ընդունում, սկսում է ճնշումն ավելի իջնել, քան կա։ Մաշկի անոթները լայնանում են, քրտնարտադրությունն է շատանում, ակտիվանում։ Վատ ազդեցություն են ունենում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, բարձր ջերմաստիճանը»։
Օրինակ՝ ամերիկյան հետազոտությունների համաձայն՝ երիկամաքարային հիվանդություններն են սրվում, օրգանիզմը կորցնում է որոշակի միկրոէլեմենտներ, մագնեզիում, որը կարող է առաջացնել ջղաձգություններ, ասում է մասնագետը։
Սարգսյանը նկատում է՝ եթե մարդու ջերմաստիճանը իջնի 25 աստիճանից, կամ բարձրանա 43 աստիճանի, և տեղի չունենա ջերմակարգավորում, կհանգեցնի մահվան․ «Եթե մարմնի ջերմությունը ընկնում է, ապա մարդու ներքին կարգավորման մեխանիզմները դանդաղում են, նյութափոխանակությունը՝ ևս։
Ներքին կենսագործունեությունը խաթարվում է։ Շոգը նպաստում է նաև մարսողական համակարգի դժվար պահպանմանը։ Ինչպես նաև մարդիկ, երեխաները շոգ եղանակին օգտվում են հանրային, դեկորատիվ ջրամբարներից, շատրվաններից, լողանում են դրանց մեջ, դա էլ առաջացնում է մաշկային հիվանդություններ»։
Այժմ քաղաքացիները պոլիկլինիկա են դիմում հիմնականում սննդային հիվանդությունների, աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, նկատում է թերապևտը։ Եթե սննդային թունավորում է, առաջնային ախտանշաններից են սրտխառնոցը, որովայնի ցավը, իսկ աղիքային ինֆեկցիոն հիվանդության ժամանակ ճնշման անկում է տեղի ունենում, մարդու մարմինը թուլանում է։ Շատ հաճախ շոգ եղանակին հնարավոր է նաև գիտակցության կորուստ, մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:
«Հնարավորինս ամեն ինչ պետք է անենք, որ խուսափենք արևի ուղիղ ճառագայթներից, սիրտ-անոթային հիվանդություն ունեցողները պետք է դիմեն իրենց բժշկին ու հասկանան, թե տվյալ պարագայում ինչ պետք է անեն։ Ընդհանրապես ցանկալի է, որ շոգ եղանակին փորձենք քայլել ստվերային ու զով հատվածներում, բամբակե կտորից ու բաց գույնի հագուստներ կրենք։ Խուսափենք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Օգտագործած հեղուկները չպետք է լինեն քաղցր, տաք, այլ զով ու ոչ շաքարային, սովորական ջուր։ Շատ կարևոր է, որ հետևենք ձեռքերի հիգիենային, որովհետև շոգ եղանակին հիվանդածին մանրեների աճն է շատ, ու հնարավոր են թունավորումներ, աղիքային ինֆեկցիաներ»,- զգուշացնում է մասնագետը:
Սարգսյանի խոսքով՝ ծանրաբեռնված աշխատանքը նույնպես ազդում է մարդու առողջության վրա, արևից խուսափելն ու գրասենյակային փակ աշխատանքը ևս ունի իր բացասական ազդեցությունը․ «Այդ դեպքում միացնում են սառը օդափոխության համակարգը․ ներսում սառն է լինում, դրսում՝ շոգ, օրգանիզմն այդ փոփոխությունից հիվանդանում է։ Արդեն առաջ են գալիս շնչառական հիվանդություններ՝ գրիպ և այլն»։
Ըստ մասնագետի՝ եղանակային կտրուկ փոփոխությունները նաև խրոնիկ հիվանդների վրա են ազդում․ օրգանիզմում հոդացավեր են ունենում, կոտրվածության զգացողություն, դա էլ անհատական է, շատ ռեվմատիկ խրոնիկ հիվանդներ եղանակի փոփոխությունները ծանր են տանում։
Մերի Խաչատրյան