Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը: Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատում:
Առաջարկվում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչև 12 շաբաթական հղիությունը թույլատրվում է դեղորայքային ընդհատումը, սակայն քանի որ մեզ մոտ այս կարգավորումը նոր է, բավարար փորձ պետք է կուտակվի, որոշեցինք վերոնշյալ շեմն իջեցնել' նախատեսելով, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում», - ընդգծել է Նարեկ Զեյնալյանը։
Ըստ նրա՝ բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը' սահմանվելով մինչև 55 տարեկանը:
Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաև փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը' 35-ից դարձնելով 38 տարեկան:
Ավելացվել են դրույթներ' կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ:
Հանձնաժողովի անդամները ողջունել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մի շարք կարգավորումների' ներկայումս գործող օրենսդրությանն ու միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
ՀՀ կառավարության առաջարկությամբ հուլիսի 11-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված նախաձեռնությունը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի' հուլիսի 8-ի արտահերթ նիստում և ստացել է դրական եզրակացություն: