Մայիսի 21-ին՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի Լեփսուսի փողոցի 17 շենքի բակում վիճաբանության ժամանակ, Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Ա․-ն, իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով խախտելով հասարակական կարգը, հետապնդել է Երևանի բնակիչ 39-ամյա Դավիթ Հ․-ին, որը եղել է «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այնուհետև Գոռ Ա․-ն մեքենայի դիմային մասով հարվածել է նշված ավտոմեքենային և ավտոտնակին, հետընթաց կատարելով՝ կրկին հարվածել նշված ավտոմեքենային, հետո դուրս գալով իր ավտոմեքենայից՝ մոտը եղած դեռևս չպարզված տեսակի ատրճանակով կրակել է Դավիթ Հ․-ի ավտոմեքենայի ուղղությամբ և հեռացել:
Ըստ աղբյուրի՝ մայիսի 23-ին Գոռ Ա․-ն իր բնակարանից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին:
Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ միջադեպի ժամանակ Գոռ Ա․-ի ապօրինի պահած ատրճանակը և Դավիթ Հ․-ի «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։