Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցի 15 հասցեի մոտ «Մորենա» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Tesla» մակնիշի ավտոմեքենան բախվել է բազալտե եզրաքարերին և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ժամանումը քաղաքացիները օգնություն են ցուցաբերել մեքենայում գտնվող՝ Մասիս քաղաքի բնակիչներ 23-ամյա Լևոն Աբգարյանին և 23-ամյա Արման Մարտիրոսյանին:
Վերջիններս քաղաքացիների օգնությամբ նաև տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ֆելիքս Ասատրայնն ու կրտսեր պարեկ Վահե Եգորյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական ավարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը: