Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար

Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg Next ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության 2021-2027թթ. գործիքի ներքո նախատեսվում է ստորագրել «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021-2027թթ. դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկարատև անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանի երկրների միջև կանաչ և կապույտ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղություններով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն 275 հազար եվրո, իսկ Ծրագրին ՀՀ մասնակցությունն իրականացվելու է բնաիրային հատկացումների տեսքով, որը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի իմաստով չի համարվում ֆինանսական պարտավորություն՝ ենթադրելով Ծրագրի՝ ազգային համակարգման և կառավարման գործում ընդգրկված պետական մարմինների համապատասխան աշխատակիցների աշխատավարձը միայն:

Ծրագիրն ունի շրջանակային բնույթ, առանձին ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվելու Սևծովյան տարածաշրջանի շահառու երկրների հետ (Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա), իսկ դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են տարածաշրջանի երկրների առանձին նախագծերի ֆինանսավորումը:

Ծրագրի շահառու կարող են լինել պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները,  հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները:

Հայաստանը մասնակցում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին 2007 թվականից: Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո 2007-2013թթ. և Եվրոպական հարևանության գործիքի ներքո 2014-2020թթ.ն հայաստանյան շահառուների մասնակցությամբ ձևավորված կոնսորցիումների կողմից Ծրագրի շրջանակներում իրականացվել է 38 նախագիծ: