Գալստանյանի այս քայլը լինելու է վերջինը, որից հետո շարժումը առանց արդյունքի վերջնականապես կհայտարարվի ավարտված. Ղևոնդյան

Գալստանյանի այս քայլը լինելու է վերջինը, որից հետո շարժումը առանց արդյունքի վերջնականապես կհայտարարվի ավարտված. Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կողմից Բաղրամյան պողոտայում սկսած 4-օրյա նստացույցը համարում է «բակում թղթախաղ խաղացող պապիկների զրույց»։

 

Վերջինիս կարծիքով՝ Գալստանյանի այս քայլը լինելու է վերջինը, որից հետո շարժումը առանց արդյունքի վերջնականապես կհայտարարվի ավարտված։

 

«Հանդես գալով նման հայտարարությամբ՝ շարժման առաջնորդների նպատակը պետական կառույցների աշխատանքը խափանելն է, ԱԺ մուտքերը փակելը և իշխանության հասցեին կրկին մեղադրականներ հնչեցնելը, որպեսզի ցույց տան՝ այլ ելք չի մնացել, դիմում են վերջին միջոցներին։ Սակայն նրանք շարունակում են ապրել իրենց հորինած իրականության մեջ։ Հայաստանն այս պահին չունի իշխանափոխության կարիք, առավել ևս՝ անցումային կառավարության անհրաժեշտություն»,- «Հայկական ժամանակ»,-ի հետ զրույցում ասում է նա։

Ղևոնդյանը պարզաբանում է՝ գուցե օրենսդրությունը ընդդիմությանն այդ քայլի հնարավորությունը տալիս է, բայց, միևնույն է, ընդդիմադիր պատգամավորները չեն կարող հավաքել իմպիչմենտի համար անհրաժեշտ 36 ձայները, ինչի մասին վկայում է նաև այն, որ ԱԺ օրակարգ է բերվել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծը։

 

Զրուցակցի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները իմպիչմենտը չհաջողելու դեպքում անգամ չեն գնա մանդատները վայր դնելու ճանապարհով, քանի որ արտահերթ ընտրությունների դեպքում նրանց չի հաջողվի գրանցել 2021 թվականին ունեցած արդյունքը։ Դա բացատրվում է նաև մանդատները վայր դնելու վերաբերյալ հայտարարություններին՝ ընդդիմության աջակցության բացակայությունով։

 

Այդ իրական պատկերին, նրա խոսքով, տիրապետում են նաև շարժման պատվիրատունները, բայց քանի որ ոչինչ այլևս չեն կարող անել, ձեռնարկել են մարդկանց նմանատիպ խոսակցություններով մանիպուլացնելու ճանապարհը։

 

«Այս օրերին Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, ուստի դրսում հավաքված ընդդիմությունը ռուս գործընկերների հետ միասին իրենց գործողություններով նպատակ ունեն ցույց տալու, որ այստեղ ռուսական տենդեցները շարունակվում են, ուժեղանում։ Եթե հետևենք, նրանց հետ հիմա սինխրոն աշխատում է նաև Գալուզինը՝ հայտարարելով Արևմուտքի կողմից Հայաստանի օգտագործվելու մասին։ Այսինքն՝ Գալստանյանենք այժմ գնում են մանիպուլյացիայի ճանապարհով, զբաղված են ինքնախաբեությամբ։ Նույնիսկ անլրջացրել են Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու հարցը․ Վազգեն Մանուկյանը, օրինակ, հինգ տարվա մեջ 4 անգամ եղավ այդ թեկնածուն»,- նկատում է նա։

 

Շարժման առաջնորդներն ու պատվիրատուները չեն ցանկանում ընդունել նաև, որ չունեն ժողովրդի անհրաժեշտ աջակցությունը, ասում է Ղևոնդյանը։ Նրա խոսքով՝ այդ աջակցության պակասն է պատճառը, որ մոբիլիզացողների քանակի նվազման հետևանքով Բաղրամյան պողոտայի վրաններում ՀՀ և ԼՂ նախկին իշխանությունների վառ ներկայացուցիչներն են։ Ամեն դեպքում, ըստ նրա, Գալստանյանը պատվիրատուներին պետք է փոխհատուցի ստացած նյութական կամ ոչ նյութական արժեքները՝ շարժումը իրականացնելու համար։

Թե ի՞նչ սպասել 3 օր անց, քաղաքագետը կարծում է՝ շարժումը կհայտարարի ընդմիջման մասին, որովհետև շոգ եղանակին պայքարելու ցանկությունը անհետանում է․ «Իրենք նման շրջանում դուրս չեն գալիս փողոց։ Աշնանը նորից կսկսեն պահանջներ ներկայացնել»։

 

Վերջինս ընդգծում է՝ նստացույցի ավարտից հետո հատկապես ավելի շատ է կարևորվելու այն հարցը, թե ինչ քայլի կգնա եկեղեցին․ արդյոք Մայր Աթոռը սպասո՞ւմ է իրավիճակի հանգուցալուծմանը, որից հետո կարգալույծ կհռչակի Գալստանյանին․ «Եկեղեցին կարևոր դեր ունի հասարակության շրջանում և ՀՀ կյանքում, քան անհատները, լինի՝ կաթողիկոսը, թե Գալստանյանը։ Լավ կլինի, որ կարգալույծ անելու որոշման մասին հայտարարվի, հակառակ դեպքում եկեղեցին իր գործունեության մեջ կստանա սև բիծ, որը անգամ ժողովուրդը չի կարող մաքրել։ Եթե Գալստանյանը շարժման ավարտից հետո վերադառնա հոգևոր կյանքին, ապա այդ սև բիծը կնմանվի Գետադարձ կաթողիկոսի արարքին, որը 1000 տարի անց էլ մնացել է և հիշվում է»։