Այսօր՝ հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գյուրջանյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արման Մոսինյանն է:
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2/30 շենիքի բակում, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ:
Տարածքը պարեկ Դ. Գրիգորյանի և կրտսեր պարեկ Բ. Սարգսյանի կողմից սահմանազատվել է:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, քրեական հեղինակություն է և նա եղել է ավտոմեքենայով, երբ մոտեցել են, նրան դուրս են բերել ավտոմեքենայից, որից հետո էլ նա հրազենային վնասվածք է ստացել:
Այս տեղեկությունը իրավապահները նույնպես պարզում են: