Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մահացածներին «06»-ի միջից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։