Գարեգինը ընկել է իր փորած փոսը, հնձել այն, ինչ ցանել է, նա կաթողիկոսից վերածվել է ակտիվիստի և սադրիչի. Առաքելյան

Գարեգինը ընկել է իր փորած փոսը, հնձել այն, ինչ ցանել է, նա կաթողիկոսից վերածվել է ակտիվիստի և սադրիչի. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի խոսքով՝ հոգևորականի գլխավորած, այսպես կոչված, շարժումը, որը անգամ հստակ չէ՝ հոգևորակա՞ն է, թե՞ աշխարհիկ անձ, վերածվել է մի խմբակի անհասկանալի ինքնագործունեության:

«Փորձում են նմանատիպ ակցիաներով հանրային ուշադրություն գրավել, ցույց տալ, որ պրոցես է տեղի ունենում: Սա, ըստ էության, նպատակի, հստակ օրակարգի բացակայության դրսևորում է և որոշակի սադրանքների գնալու փորձ: Ողջունելի է, որ ՀՀ իշխանությունները չեն տրվել այդ սադրանքներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:

Երեկ երեկոյան Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր համակիրների հետ գնացել էր Սարդարապատի հուշահամալիր՝ նպատակ հետապնդելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կայցելի: Վարչապետը, սակայն, առավոտյան ՀՀ նախագահական նստավայրում մասնակցել է միջոցառման, որի ժամանակ պարգևներ է հանձնել, ապա նոր գնացել հուշահամալիր, որի ժամանակ Գալստանյանն ու վերջինիս համակիրները արդեն Երևանում են եղել:

Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին՝ վերջինս ասում է՝ նա կաթողիկոսից աստիճանաբար վերածվում է սովորական ակտիվիստի:

 

 

«Կարծում եմ Գարեգինը պետության կողմից հրավիրված չի եղել նման արարողակարգի և փորձել է, ըստ էության, ստվեր նետել այդ ամբողջ գործընթացի վրա: Նա կաթողիկոսից վերածվել է ինչ-որ միջին կլասի ակտիվիստի և սադրիչի, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել, ակնհայտ սադրանքի դրսևորում է: Այսպիսի մի խոսք կա՝ ինչ ցանում ես, նա էլ՝ հնձում. Գարեգինն իր արքեպիսկոպոսով փորձում էր փակել ՀՀ իշխանության մուտքը Սարդարապատ, բայց այնպես տացվեց, որ ինքը կանգնած մնաց Սարդարապատի մատույցներում: Սա էլ սիմվոլիկ է, որ այլևս նման գործընթացները, որոնք նախաձեռնում է եկեղեցին, լայն հանրային զանգվածների շրջանում աջակցություն և պաշտպանություն չեն գտնում: Այն փոսը, որ փորել է ուրիշի համար, ինքն է ընկել»,- կարծում է զրուցակիցը:

 

Կառավարության ղեկավարի այցի ժամանակ հուշահամալիր է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել են նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում է ընթացել, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Հոգևորականներից մեկը անգամ իր ուղիղ եթերի վերնագրում ոստիկաններին ենիչերիներ է ներկայացրել:

 

Քաղաքագետը նկատում է՝ իր համար այլևս ամոթալի է խոսել այս բոլոր պատմություններում եկեղեցուն ներքաշելու՝ Գարեգինի Բ-ի փորձերի մասին, քանի որ եկեղեցին՝ կաթողիկոսի գլխավորությամբ, ներգրավված է մի գործընթացում, որի իրական շահառուն այլ երկիր է (-խմբ նկատի ունի ՌԴ-ին), և որի շահերը չեն համընկնում ՀՀ շահերի հետ:

 

«Այն պահից, ինչ Բագրատ Գալստանյանը սկսել է այս գործընթացը, կարող ենք արձանագրել, որ օգտագործված բառապաշարը և ատելության այն խոսքը, որով դիմում է և՛ ոստիկաններին, և՛ առանձին անհատներին, մինչև այս պահը երևի թե որևէ քաղաքական գործիչ, աշխարհիկ անձ իրեն թույլ չի տվել քաղաքական իր պայքարում: Եվ պատահական չէ, որ այդ հոգևորականների զանգվածը, այլ կերպ ասած՝ խունտան՝ Գարեգինի գլխավորությամբ, իրեն այդպես է պահում, փորձում վիրավորել, հայհոյել»,- ասում է նա:

 

Դիտարկմանը՝ ստացվում է, որ հոգևոր դասը այսօր պայքարում է պետականության դե՞մ, զրուցակիցը ասում է. «Հենց դրա համար նշեցի, որ Գարեգին 2-ը իր շքախմբով վերածվել է մի յուրօրինակ հոգևոր խունտայի: Մենք 2018 թվականին ազատվեցինք աշխարհիկ խունտայից, այսօր պետք է ազատվենք աշխարհիկ իշխանավորների քաղաքական շահերը սպասարկող հոգևոր խունտայից, որը, ըստ էության, լծվել է ՀՀ պետականության դեմ պայքարի՝ հանուն հյուսիսից եկած հրահանգների, և դա այնքան ակնհայտ է ՌԴ պաշտոնական հաղորդագրություններից ու հեռուստաընկերություններից»:

                                                                              Հերմինե Կարապետյան