Մայր Աթոռը չի՞ ցանկանում Գալստանյանի հետ կապակցվել. ի՞նչը չէր բավարարում նրան հոգևորականի կարգավիճակում

Մայր Աթոռը չի՞ ցանկանում Գալստանյանի հետ կապակցվել. ի՞նչը չէր բավարարում նրան հոգևորականի կարգավիճակում

Իրավագետ Արտաշես Խալաթյանն իրավական տեսանկյունից որոշիչ չի համարում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ խնդրել է կաթողիկոսին սառեցնել որպես հոգևորական իր կապը։

Նրա կարծիքով՝ անորոշ է նաև դրա վերաբերյալ Մայր Աթոռի արձագանքը, թե վերջինիս եպիսկոպոսական կարգը պահպանվում է, բայց դադարեցված է նրա՝ եկեղեցական և վարչական ծառայությունը։

 

Ըստ զրուցակցի՝ եկեղեցական իրավունքով «կարգավիճակի սառեցում» հասկացություն չկա, այդ նույն իրավունքով նախատեսված չէ նաև կարգի պահպանումը։ Այստեղից էլ տեղի ունեցող իրադարձությունները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խալաթյանը համարում է անտրամաբանական:

 

«Այսինքն՝ կա՛մ Գալստանյանը ինքն է իր կամքով դադարեցնում հոգևոր ծառայությունը ու վերահաստատում աշխարհիկ անունը, կա՛մ իրեն կարգալույծ են անում։ Աշխարհիկ ու հոգևոր կյանքն իրարից շատ տարբեր են։ Հոգևորականի կարգավիճակն անվերապահ է, հնարավոր չէ այն կասեցնել, հետո վերականգնել։ Եթե Գալստանյանը կուսակրոն հոգևորական է, ապա դառնում է աշխարհիկ կյանքին, հետո ուզում է նորից վերականգնել իր հոգևոր կարգը, հնարավոր չի լինի, քանի որ հնարավոր չի լինի նաև ասել, թե նա աշխարհիկ անձին բնորոշ ինչ գործունեությամբ է ապրել։ Հետևաբար քանի դեռ կարգալույծ բառը չի օգտագործվել, նա հոգևոր սպասավոր է»,- ասում է նա:

 

Խալաթյանը անտրամաբանական է համարում նաև այն, որ նմանատիպ հայտարարություններից հետո Գալստանյանը դեռևս շարունակում է մնալ հոգևոր հագուստով։ Նրա դիտարկմամբ՝ եկեղեցու խնդիրն է, որ իր անունից հանդես եկող անձը լինի հոգևորական։

 

Հարցին՝ Գալստանյանի վերաբերյալ նման որոշում կայացնելով՝ Մայր Աթոռը արդյոք փորձո՞ւմ է հեռացնել իր վրայից շարժման հետագա պատասխանատվությունն ու վերականգնել եկեղեցու հեղինակությունը, իրավագետը նշում է․ «Այո՛, եկեղեցին այս ամենով ընդգծում է իր հեռավորությունը շարժման կազմակերպիչներից, որովհետև որոշ հոգևորականների ջանքերով փորձ էր արվում եկեղեցուն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ հետագայում ամբողջ պատասխանատվությունը կաթողիկոսի հետ կիսելու նպատակով։ Հիմա շարժման հետագա գործողությունների պատասխանատուն միայն Վազգեն Գալստանյանն է լինելու։ Եկեղեցու հոգևոր բարոյականությունը ժողովրդի մեջ անգնահատելի է։ Սակայն, եթե որոշակիություն լինի, որ վերջինս կարգալույծ է արվել, նրա բոլոր արարքները հոգևոր ու խորհրդանշական առումով կապված չեն լինի հոգևորականության հետ»։

 

Բացի դա, զրուցակիցը ընդգծում է, որ ՀՀ Սահմանադրության հետ էլ Գալստանյանի ասածները որևէ առնչություն չունեն․ եթե հայտարարվել է հոգևոր գործից հրաժարվելու մասին, ապա չի բարձրաձայնվել Կանադայի քաղաքացիության հարցը, սակայն, եթե անգամ Գալստանյանը օրեր հետո այդ մասին էլ խոսի, ապա դա պետք է ապացուցվի համապատասխան թղթաբանությամբ. Կանադայի ղեկավարությունը գուցե մերժի նրա դիմումը՝ պետության առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Միևնույն ժամանակ բանախոսը վկայակոչում է Սահմանադրության այն դրույթը, որ վարչապետի պաշտոնին հավակնող մարդը պետք է վերջին 4 տարին միայն Հայաստանի քաղաքացի լինի:

 

«Հոգևորականի դերը հասարակության մեջ օգտագործելով՝ գուցե փորձում են մանիպուլյացիաների գնալ, տեսեք՝ Գալստանյանը հրաժարվել է իր հոգևորական ծառայությունից, բայց չի ստացվում, որ հավակնի վարչապետի թեկնածուի պաշտոնին։ Իրավիճակը փրկելու համար իր փոխարեն կառաջարկենք այլ թեկնածուի»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ Խալաթյանը նկատում է՝ դա է պատճառը, որ եկեղեցուց զատ, Գալստանյանի կողքին այսօր երևում են միայն դաշնակցական պատգամավորներն ու ներկայացուցիչները։

 

 

Այս պայքարը ունի հոգևոր ու վտանգավոր ծիլեր, կարծում է իրավագետը, ուստի այլ հայտնի ուժերը թեև աջակցություն են հայտնել, բայց չեն ուզում կրել սահմանադրական պատասխանատվություն ու հայտնվել անհաղթահարելի խոչընդոտներում։

 

 

Ինչ վերաբերում է ռուսական կողմից հնչող մտահոգություններին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու տեսանկյունից, զրուցակիցը վստահ է՝ այս հայտարարությունները միայն ավելի են խորացնում այն ընկալումը, որ շարժումը ուղղորդվում է դրսից։

                                                                                              Մերի Խաչատրյան