Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նսեմացրել է թուրքական անօդաչու թռչող սարքի դերը նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայրի հայտնաբերման գործում և հայտարարել սեփական անօդաչու համակարգերի արդյունավետության մասին, հայտնում է Reuters-ը։
Իրանական կողմից մեկնաբանությունների առիթ է հանդիսացել վերջին օրերին թուրքական խոշորագույն պետական «Anadolu» գործակալության հրապարակած հոդվածաշարը։ Օրինակ՝ մայիսի 20-ին հրատարակությունը հայտնել է, որ նորագույն գրոհային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, Թեհրանի խնդրանքով, դժվար եղանակային պայմաններում երկու ժամից էլ քիչ շահագործման ընթացքում հայտնաբերել է ընկած ուղղաթիռը։ Այնուհետև թուրքական ապարատի ներդրման կարևորությունն ընդգծել է արտադրողի «Բայքար» ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ այս փրկարար գործողությունը «հետք կթողնի ամբողջ աշխարհում»՝ Աքընջիի արդյունավետության շնորհիվ։ Այնուհետև «Anadolu»-ն վերլուծական հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Իրանը չունի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են նման որոնողափրկարարական առաքելություն իրականացնել։
Այս գնահատականի հետ իրանական բանակը չի համաձայնվել։ «Չնայած Թուրքիան անօդաչու թռչող սարք է ուղարկել, որը հագեցած է գիշերային տեսողության սարքերով և ջերմային տեսախցիկներով, անօդաչուն չի կարողացել ճշգրիտ տեղորոշել կործանման վայրը՝ ամպերի տակ սարքավորումներ հայտնաբերելու կառավարման կետերի բացակայության պատճառով»,- ասվում է Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: