Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։

 

«Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ «Վավերացված վերջնական օգտագործող» ծրագրում Հայաստանի Հանրապետությանը շահառու երկիր ամրագրելու, ամերիկյան որոշ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք իրականացվող արտահանումների վրա կիրառվող սահմանափակումների, Հայաստանի Հանրապետությանը «շուկայական տնտեսության կարգավիճակ» տրամադրելու և այլ գործընթացների վերաբերյալ։

 

Նույն օրը նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի առևտրի և գյուղատնտեսության ոլորտում արտաքին հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ջեյսոն Հայֆմեյսթերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պարենային անվտանգության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերը, ՀՀ-ից ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները, անհրաժեշտ կարգավորումները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։

 

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովման վերաբերյալ»,-նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։