Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ եւ գիտելիք չունեն. անկախության առաջին օրերից նրանք հակամարտության մեջ են եւ քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարեւոր նախապայման ՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է։ Այս մասին ՎԶԵԲ տարեկան համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կրկնում եմ՝ թե' մենք, թե' Ադրբեջանը չգիտենք դա ինչ է , ինչպիսի տեսք ունի։ Իսկ այն ինչ չգիտես՝ առաջ է բերում մտահոգություններ, անորոշություններ, լարվածություններ , որոնք դու հասկանալիորեն բանաձեւում եւ ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա։ Իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ», - ասել է նա, իր միտքը համեմատելով տիեզերք թռչելու հետ, ինչը մարդիկ տասնամյակներ առաջ անհնար էին համարում, քանի որ պատմական փորձը դա բացառում էր։
Վարչապետը նշեց, որ գործիքներ են պետք սովորելու Ադրբեջանի հետ խաղաղ ապրել, որոնցից մեկը «Խաղաղության խաչմերուկ»-ն է։ Նա հիշեցրեց Ալմա-Աթայի հռչակագրի եւ սահմանազատման գործընթացի մասին, որն ընթանում է այս օրերին։