Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թուլացնում է Հայաստանի դիրքերը և սրանից կարող են օգտվել Ռուսաստանն ու Ադրբեջանը:
«Տեսնում ենք, որ շարժմանը միացել են բացառապես պրոռուսական ուղղվածություն ունեցող հայտնի դեմքեր: Ադրբեջանն ու ՌԴ-ն իրենց գործողությունները սինխրոնիզացնելու են շարժման պոտենցիալի հետ: Չեմ ասում, որ փողոց դուրս եկած բոլոր մարդիկ Ադրբեջանի կամ ՌԴ գործակալ են, իրենց մեջ շատ ազնիվ մարդիկ էլ կան, բայց այս շարժումը չի բխում ՀՀ շահերից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ քաղաքական գործչի՝ չպետք է նաև թերագնահատել ոչ ուղիղ համագործակցությունը Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանում գործող «5-րդ շարասյան» միջև:
«Որովհետև, օրինակ, այսօր Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Մինսկի խումբը պետք է ցրել, կարող է այնպիսի հետևանքների հանգեցնել, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի հրաժարական տալ, ու այս մարդիկ հասնեն իրենց նպատակին: Նրանք մի դեպքում կանգ կառնեն, երբ հասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որը, իհարկե, աբսուրդ է, բայց ոչինչ չի կարելի բացառել, որովհետև մենք չգիտենք, թե, օրինակ, իրենք ինչ աջակցություն ունեն ՌԴ-ից ու Ադրբեջանից: Այս դեպքում իրենց կարողությունները կարող են կտրուկ մեծանալ, կապված նրան հետ, թե ինչ քայլերի կգնա ՌԴ-Ադրբեջան դաշինքը: Իսկ եթե այդ աջակցությունը չլինի, որովհետև Ադրբեջանի վրա նաև Եվրոպայից ճնշումներ կան, այդ դեպքում կմարի, ինչպես մնացած բոլոր շարժումները»,- ասում է Միսկարյանը:
Վերջինիս խոսքով՝ շարժումն առաջնորդող ուժերը, եթե վստահ լինեին, որ հանրային լայն աջակցություն կունենան, այլ ճանապարհով կգնային. «Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմության անդամների՝ մանդատները վայր դնելու ճանապարհով, բայց չեն անում, որովհետև վստահ են, որ հանրային լայն աջակցություն չունեն: Սակայն ես չեմ համարում, որ իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, սա, այսպես ասած, պլանի առավելագույնն է, նվազագույնը՝ Հայաստանում ապակայունություն ստեղծելը, հանրության մեջ պարտվածության զգացումը խորացնելը, հուսալքություն տարածելը՝ «ամեն ինչ վատ է», «ամեն ինչ կործանվում է» թեզեր առաջ տանելով: Այս առումով կարծում եմ՝ որոշակի հաջողվում է»:
Խոսելով եկեղեցու՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու մասին՝ քաղաքական գործիչն ասում է, որ դեռ 200 տարի առաջ է գրվել, թե ինչու և ինչպես է պետք կրոնը և քաղաքականությունը տարանջատել, թե ինչու պետք է պետությունը լինի աշխարհիկ, և ինչով է պայմանավորված ժողովրդավարական պետություններում եկեղեցու տարանջատումը:
«Եթե մարդիկ մի երկու գիրք ավել կարդացած լինեին՝ թե՛ նրանք, ովքեր փողոց են դուրս եկել, թե՛ նրանք, ովքեր աջակցում են փողոց դուրս եկածներին, չէին գնա նման քայլի: Սահմանադրության մեջ այդ ամրագրումը հենց այնպես չէ, քաղաքագիտական աքսիոմա է, և եթե մենք ուզում ենք զարգացող պետություն ունենալ, եվրոպական տնտեսական ու մշակութային կյանքի հետ կապ ունեցող, պարտավոր ենք այդ տարանջատումը պահել, ոչ թե եվրոպացիների, այլ՝ մեզ համար»,- ընդգծում է նա:
Արձագանքելով շարժմանը միացած մի խումբ դիվանագետների հայտարարություններին՝ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին՝ Միսկարյանն ասում է՝ այդ դիվանագետներն էլ գիտեն, որ սահմանազատումը և սահմանագծումը այն հիմնավորումը չէ, որի համար պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորվի:
«Ինչքան էլ այս կառավարությունը հաջող չլինի, քաղաքական դաշտում այլընտրանքային ուժ չկա, նույն ուժերն են, ովքեր ընտրություններին մասնակցել են և պարտվել կամ հաղթել, այսինքն՝ իրավիճակն այս առումով քաղաքական դաշտում չի փոխվել, որպեսզի պնդեն՝ նոր իրավիճակի բերումով անհրաժեշտություն կա նոր ընտրությունների, նոր գաղափարների, տեսլական կա և այլն: Հետևաբար այս պնդումը համարում եմ անհեթեթ»,- տեսակետ է հայտնում նա:
Ըստ զրուցակցի՝ խորհրդարանական ընդդիմությունը չգիտես որտեղից՝ միշտ կարողանում է իմանալ, թե ինչ են ծրագրում Ռուսաստանը և Ադրբեջանը, և ինչ զարգացումներ են լինելու: Միսկարյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիրները փորձում են այս ալիքի վրա ուրիշի ձեռքերով շագանակներ պոկել. «Հիմա ես չգիտեմ՝ այդ դիվանագետները, որոնք ժամանակին հետևողականորեն և անվերապահորեն ծառայել են Ռուսաստանին, այսօր ինչ են իմացել, որ նման պնդումներ են անում»:
Միսկարյանը նաև այն կարծիքին է, որ շարժման առաջնորդների հայտարարությունները ոչ քաղաքական են, այլ՝ պոպուլիստական. «Սովորական դեմագոգիա է, ի՞նչ է նշանակում հաշտության քարոզ ենք անում՝ փողոցները փակելով»:
Հերմինե Կարապետյան