Աստծո «սպասավորից» մինչև շարքային գործակալ․ Գալստանյանի ռեինկարնացիան

Աստծո «սպասավորից» մինչև շարքային գործակալ․ Գալստանյանի ռեինկարնացիան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզում սկիզբ առած սահմանազատման գործընթացից հետո աննախադեպ ակտիվացավ Բագրատ սրբազանը, քանզի պետք է իրականություն դարձներ իր՝ բառիս բուն իմաստով տիրոջ՝ Ռոբերտ Քոչարյանի «կանխատեսումը», այն է՝ ՀՀ ղեկավարի լավագույն տարբերակը Հայ Առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը պետք է լինի։

Բայց քանի որ հոգևորականը չպետք է զբաղվի «պոլիտիկա», առավելևս, որ նաև այլ երկրի քաղաքացի է, Բագրատ սրբազանը հայ ժողովրդի համար այլևս ուղղակի Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյան է։

Տարօրինակն այն է, որ, հոգևորական լինելով, վերջինս պետք է տարբերվեր Հայաստանի ներքին քաղաքական կյանքը պարբերաբար ալեկոծող հակապետական խմբավորումներից, սակայն իրականում նա փորձեց ավելի հեռուն գնալ՝ սադրելով, սպառնալով իրեն չմիացող ՀՀ քաղաքացիներին, և դա իհարկե՝ նախկինների ու նրանց կրեմլյան տերերի հովանավորությամբ։

Նկատենք, որ Վազգեն Գալստանյանը, երբ սկսում էր իր «շարժումը», նախ պնդում էր, թե այս ամենի շահառուն գյուղացին է, բայց շատ չանցած՝ քայլերթ սկսեց դեպի Երևան, միայնակ թողնելով իր իսկ հրահրմամբ փողոց  դուրս եկած գյուղացիներին։ Լավ է, որ հետո գյուղացիները հասկացան, ու նաև Կիրանցի ղեկավարն էլ հաստատեց՝ սահմանազատված հատվածում գյուղացուն պատկանող որևէ տարածք չի անցնում Ադրբեջանին, և դեռ մի բան էլ՝ որոշ տարածքներ անցնում են ՀՀ վերահսկողության տակ։

Իրեն սրբազան հռչակած հոգևորականի շարժումն ուշագրավ է նրանով, որ շարքերը համալրվեցին նախկին իշխանությունների կարկառուն դեմքերով ու Ռուսաստանում ծվարած հանցագործներով։ Այն ակամա հիշեցնում էր սարսափ-ֆիլմ՝ քայլող քաղաքական դիակներով։ Այնուամենայնիվ՝ Հանրապետության հրապարակը լցրեցին բռնի տեղահանված արցախցիներով, որոնց սուտ խոստումներ կամ կաշառք էին խոստացել, և իրենց պատկանող  բիզնեսների աշխատակիցներով, որոնց մեծ մասին ստիպողաբար էին բերել։ Մարդկանց շինծու քանակից ոգևորված՝ Գալստանյանը «գլխապտույտ հաջողությունից» արբեցած, մոռացավ, որ շարժման սկզբում ասել էր, թե իշխանություն չի ուզում, սրբազանի դիմակը դրեց մի կողմ և ոչ ավել ոչ պակաս՝ մեկ ժամ ժամանակ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փորձելով իրենով անել  2018-ին կիրառված հեղափոխության գործիքակազմը։

Եվ սկսվեց զավեշտը. Գալստանյանը սկսեց իմիտացիա անել, թե կարող է վարչապետ էլ դառնալ, բայց իհարկե դա հերթական «մուտիտն» էր․ շատ չանցած սկսեց հայտարարել, թե ցանկացած ոք կարող է շարժումը վերցնել իր ձեռքը, առանց հաշվի առնելու իրեն աջակցող շարքային քաղաքացու ցանկությունը՝ համաձա՞յն է վերջինս այդ որոշմանը, թե ոչ։

Շատ շատերը հիասթափվեցին Գալստանյանից, ականատես լինելով վերջինիս կողմից սուտ ու կեղծիք, ատելություն քարոզելուն. կեղծ հաշտություն «քարոզելով» ողորմելի խամաճիկ անվանեց իրենց չմիացող ուսանողներին, ապա վիրավորանքներ տեղաց իր իսկ խոսքերը տեսանյութի տեսքով համացանցում տեղադրած մեր լրատվամիջոցի՝ araratnews.am-ի հասցեին։

Ի դեպ, Գալստանյանի «հոգեզավակները» շատ ավելի հեռուն են գնացել․ այս օրերին բազմաթիվ են դեպքերը, երբ ցուցարարները հայհոյում են, անիծում, վիրավորում ամենավերջին բառերով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն միացել իրենց հակապետական ցույցերին։ Թերևս ամենազարհուրելին՝ Բագրատի հետ ողջագուրված Էդգար Ղազարյանը, որը նախկինում աշխատել է Սահմանադրական դատարանում, Հ2-ի եթերում, նայելով ուղիղ տեսախցիկին, հայ սակրավորներին մաղթեց, որ սահմանազատվող հատվածներից նրանց մարմինները դուրս բերվեն անշնչացած կամ գոնե վիրավոր։

Իսկ մեկ այլ՝ էլի «հոգևորական» այս շարժումը բաժանեց Աստծու և սատանայի սպասավորների միջև պայքարի, ինչն արդեն հոգեխանգարմունքի դրսևորում է։ Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն վստահաբար կարելի է ասել՝ հանրության լայն զանգվածների համար արդեն պարզ է, թե ով է Բագրատ Գալստանյանը, ինչ շրջանակների կամ երկրների շահեր է սպասարկում՝ սադրելով նոր պատերազմ՝ որն արդեն կհանգեցնի մեր հայրենիքի պետականության կորստի։