Ես բոլորին ցույց եմ տալիս իրենց տեղը, իմ քաղաքական թիմը թասիբի մեռած ա. Անի Խաչատրյան

Ես բոլորին ցույց եմ տալիս իրենց տեղը, իմ քաղաքական թիմը թասիբի մեռած ա. Անի Խաչատրյան

Քրիստինա Վարդանյանը մոտավորապես երկու տարի եղել է Կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօրենը, 10 հազարից ավելի ծառ է տնկել, ճիպոտներ, որոնք չորացել են, Մաշտոցի պողոտայի ճիպոտները վառ օրինակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Տիկին Վարդանյանը աշխատում է մի ամբիոնում Հայկ Մարությանի կնոջ հետ: Նա քաղաքապետարանում հայտնվել է Հայկ Մարությանի կնոջ ուղեկցությամբ: ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանը բազմիցս նշել է, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ը Երևանի կանաչապատումը Մարության քաղաքապետի ժամանակ ոչ իր լիազորությունների մեջ արել է Մարությանի կինը, և հետևաբար նա է բոլոր ցուցումները տվել տիկին Վարդանյանին:

Տիկին Վարդանյանի մոտ շատ ակնհայտ երազանք էր դառնալ այդ ՀՈԱԿ-ի տնօրեն, բայց իրավիճակ փոխվեց, քաղաքապետ փոխվեց»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից:

Հարցին, թե ո՞վ գրողի ծոցն ուղարկեց Քրիստինա Վարդանյանին, որի մասին ինքը քիչ առաջ հայտարարեց ավագանու նիստում, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Նկատի ունեմ այն, որ այլեւս չաշխատեց այդ ՀՈԱԿ-ում: Այդ ժամանակ Բեգոյանը դեռ չէր վերադարձել: Դա եղել է Մարությանի քաղաքապետությունը դադարելուց հետո»:

Նշենք, որ Քրիստինա Վարդանյանը հիմա ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ է: