«Գազպրոմ Արմենիա»-ի նոր արկածները բաժանորդների հաշվին շարունակվում են։ Վերջին շրջանում մամուլում ակտիվ տեղեկություն է շրջանառվում, որ ռուսական կապիտալով այս ընկերությունը որոշել է փոխել սպառողների գազի հաշվիչները։ Ի դեպ, հաշվիչների ստուգաչափման, սպասարկման և այլ ծառայությունները «Գազպրոմ Արմեիա»-ն վաղուց մենաշնորհել է, և ստեղծել է մի այնպիսի վիճակ, որտեղ այս ընկերությունը՝ ժողովրդական լեզվով ասած՝ ինչ ուզում անում է։
Ավելին, այս ընկերությունը նաև իր կամքն է թելադրում գնումների ընթացակարգում։ Հաշվիչների ձեռք բերման հարցում հաճախ օգտագործելով իրենց դիրքը և ֆինասնական ուժը դուրս են մղում մյուս խաղացողներին և փորձում են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների շահերը սպասարկել։
Գազի հաշվիչները տարբեր ժամանակներում մի քանի անգամ փոխվել են, ճիշտ է այդ փոփոխության անունը դրվել է իբր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, սակայն, իրականում փոխվել է հաշվիչների արտաքին տեսքը, կամ, եթե ճիշտն ասենք՝ սպառողների թալանն է տեխնիկապես կատարելագործվել։
Ընդհանրապես, հանրության շրջանում սովորաբար սուր և քննադատաբար են ընդունվում մենաշնորհները, սակայն հաճախ անտեսվում են հանրային ծառայությունների կարևոր ոլորտների մենաշնորհները։ Մինչդեռ, հենց այս ոլորտներում է թաքնված իրական մենաշնորհային թալանը։
Ռուսական կապիտալով շնչող հսկան՝ «Գազպորմ Արմեիա»-ն, թերևս՝ դրա վառ օրինակներից մեկն է։ Եվ, ահա այս ընկերությունում որոշել են նոր փոփոխությունների անվան տակ հերթական մենաշնորհային ավանտյուրան կյանքի կոչել։
Հին հաշվիչները նորով փոխարինելու գործընթացում իրականում թաքնված է այս ընկերության կողմից իրականացվող հերթական բիզնես «օկուպացիան»։ Իրականում, «Գազպրոմ Արմենիայում» որոշել են ոչ թե սպառողների կյանքը թեթևացնել, այլ դրա անվան տակ առաջ տանել իրենց հետ փոխկապակցված ընկերությունների շահերը։ Ավելին, չի բացառվում, որ այս գաղափարի նպատակը նաև սպառողների հաշվին ռուսական կապիտալով գործունեություն իրականացնող հայ գազային գործակալների ֆինասնական կայսրության ընդլայնումն է, որովհետև սպառած գազի հաշվարկն ու արձանագրումը ամբողջովին տնօրինում են այս ընկերության տեղի «ուղեղները», իսկ նոր հաշվիչները ընդամենը դառնալու են այս թալանի ժամանակակից փաթեթավորումը։
zarkerak.am