Սարսափելի ավտովթար Հայաստանում․ 6 ավտոմեքենա բախվել են իրար

Սարսափելի ավտովթար Հայաստանում․ 6 ավտոմեքենա բախվել են իրար

Այսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կիևյան փողոցում՝ «Ռոբերտո»  խանութի դիմաց բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Օպերատիովրեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել ու հրաժարվել բժշկական օգնությունից։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։