Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի դիմաց գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, 2-րդ վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները։
Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ փորձում են կանխել կրակի տարածումը, իսկ ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից։
Ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակը բռնկվել է շշերի արտադրամասում։