ՖՈՏՈ․ Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած մեր կիսատ մնացած սիրո պատմությունը. Արցախից բռնի տեղահանված

ՖՈՏՈ․ Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած մեր կիսատ մնացած սիրո պատմությունը. Արցախից բռնի տեղահանված

«Դիրքերում էր, երբ պատերազմն սկսվեց։ Այդ օրն առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցեր տվեց. որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի' երևի գալիս է։ Պատերազմն սկսելուց հետո էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Արցախից բռնի տեղահանված Անի Ղուկասյանը։

Անին ու Գոռը սովորում էին զուգահեռ դասարաններում։ Դեռևս շատ փոքր էին, երբ սկսեցին հանդիպել, սակայն հասցրել էին տեսնել շատ փորձություններ:

«Այնքան համեստ էր, որ մինչև 9-րդ դասարանը չէի ճանաչում նրան։ 9-րդ դասարանցիներին տարան հրաձգության, այնտեղ էլ ծանոթացանք: 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ պատերազմի ավարտից 2 ամիս հետո արձակուրդ եկավ, չէր ասել, որ գալու է, դուռը բացեցի, տեսա' իմ զինվորն է՝ լայն ժպիտով, կոկիկ հագնված, ծաղկեփունջը ձեռքին»,- արտասուքն աչքերին վերհիշում է Անին և ասում՝ հիմա ես եմ նրան ծաղիկներ տանում:

Գոռ Ղուկասյանն աշխատում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ Մեր զրուցակցի խոսքով՝ Գոռը միշտ լավ ցուցանիշներ էր ցուցաբերում հրաձգության ժամանակ և հպարտորեն էր խոսում դրա մասին։

Գոռն ու Անին Արցախի այն զույգերից էին, որ անտեսեցին մի շարք խնդիրներ և ամուսնացան շրջափակման օրերին: Անին ասում է, որ միասին շատ նպատակներ ունեին, որոնք փորձում էին քայլ առ քայլ իրագործել:

«Ուզում էինք շրջագայել ամբողջ աշխարհով և լինել մեզ համար հետաքրքիր վայրերում: Քանի որ երկուսս էլ շատ էինք սիրում սպորտով զբաղվել, մտածում էինք նաև մեր սեփական մարզասրահն ունենալ: Հիմա ոչ Գոռս կա, ոչ մեր նպատակները»,-ասում է մեր զրուցակցը և հավելում՝ «Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած մեր կիսատ մնացած սիրո պատմությունը․․․Երևի Աստծո կամքն էր․․․ Երևի մեր սերը շատ մաքուր էր այս աշխարհի համար: Զգացածս չափման միավոր չունի։ Օրերս անցնում և մթնում են Եռաբլուրի ճանապարհին, շնչում եմ մեր ամենաերջանիկ օրերի հիշողություններով ու հույսով, որ մի օր նորից հանդիպելու ենք»:

Հիմա Անին ապրում է Գոռի ծնողների հետ՝ 11 հոգով․․․